News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե, իբր, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն «աղվանական հետքերի» վերացման նպատակ են հետապնդում:

«Նմանօրինակ լրատվությունն ակնհայտ սուտ է, պատմական փաստերը կեղծելու Ադրբեջանի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում:

Մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի եկեղեցին (տեղացիներն անվանում են Սբ Երրորդություն) կառուցվել է 19-րդ դարում տեղական կոպտատաշ քարից և եռանավ բազիլիկ հայկական եկեղեցի է։ Պահպանվել են հայկական լինելու փաստը հաստատագրող հարավային ավանդատան պատուհանի վերևի հատվածում պահպանված արձանագրությունը («1888 ամի»)՝ կառուցման տարեթվով, իսկ դրանից աջ նաև հայերեն արձանագրությունը։ Կիրանցի այս եկեղեցին խորհրդային շրջանում վերածվել էր պահեստի։ 2024 թ․ ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով կիրականացվեն հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց)։ Ոսկեպարի վաղմիջնադարյան եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 1975-1977 թվականներին, սակայն մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավության ներթափանցումից եկեղեցու տանիքածածկերը քայքայվել են, ծածկասալերը՝ վնասվել: 2024 թ․ պետական միջոցներով կվերականգնեն հուշարձանի տանիքի ծածկասալերը։

ՀՀ Շիրակի մարզի Երերույքի վաղքրիստոնեական տաճարը, որը նույնպես հայտնվել է ադրբեջանական տեղեկատվական քարոզչության թիրախում և պատմական կեղծ պնդմամբ ներկայացվել իբրև թյուրքական կոթող, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում և Եվրոպա Նոստրայի ամենավտանգված մշակութային կոթողների ցանկում:

Երերույքի տաճարի և հարակից տարածքը հարուստ է մշակութային շերտով, ինչի մասին  են վկայում տարիներ շարունակ հայ և իտալական հնագիտական արշավախմբերի կատարած ուսումնասիրությունների արդյունքները։

Երերույքի վաղքրիստոնեական տաճարի ամրակայման և վերականգնման ծրագիրն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ պետությունն իրականացնում է շարունակական աշխատանք:

Կոչ ենք անում Ադրբեջանի համապատասխան շրջանակներին չխեղաթյուրել պատմական փաստերը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանումը՝ մասնավորապես ապահովելով նաև միջազգային դիտորդական առաքելության այցերը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մշտադիտարկման նպատակով»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլց. 2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար
Գերմանիայի կանցլերը, օգտվելով գագաթնաժողովի առիթից, հորդորել է կողմերին անել դա...
Մեհդի Սոբհանի. Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության
Նրա խոսքով՝ Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը...
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության...
Բրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ
Այն ինֆորմացիան, որ ունենք, դրանից կարող ենք ենթադրություն անել, որ երկու...
Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը. Տիգրան Բալայան
Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ