News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայտնի են Ռուսաց լեզու և Քիմիա առարկաներից հունիսի 11-ին անցկացված միասնական քննությունների նախնական արդյունքները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ երկու միասնական քննությունների գնահատականներն ու արդյունքները խիստ նախնական են,  քանի որ բոլոր քննությունների ավարտին հաջորդելու է բողոքարկման փուլը։

«Վերջին քննությունը նախատեսված է հունիսի 28-ին, որի արդյունքներն ամփոփելուց և բողոքարկման դիմումները ստանալուց հետո բոլոր առարկաների գծով բողոքարկման հանձնաժողով է ձևավորվելու ու քննարկվելու են դիմումները։ Այսինքն՝ ներկայում հրապարակվող գնահատականները հնարավոր է որոշ չափով վերանայվեն բողոքարկման արդյունքում»,-պարզաբանեց Գրիգորյանը։

Անդրադառնալով ընթացիկ տարվա միասնական քննությունների երկրորդ փուլում մասնավորապես «Ռուսաց լեզու» առարկայից գրանցված արդյունքներին՝ ԳԹԿ խոսնակը տեղեկացրեց, որ հունվարին անցկացված առաջին փուլի համեմատ նվազել է 18-20 միավոր հավաքած դիմորդների թիվը։

Ընդհանուր առմամբ՝ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննության երկրորդ փուլին հայտագրվել է 259 դիմորդ, մասնակցել՝ 250-ը։ 

Միասնական քննությունների երկրորդ փուլում նվազել է առավելագույն միավորներ գրանցած դիմորդների թիվը, որը կազմել է 1,2 տոկոս, հունվարին գրանցված  2,1 տոկոսի փոխարեն։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ անցած տարվա երկրորդ փուլի համեմատ այս տարվա նույն ցուցանիշի տարբերությունը մեծ չէ․2023-ին կազմել էր 1,1 տոկոս։

Ռուսաց լեզվի  քննության երկրորդ փուլում նվազել է միջին միավորը՝ առաջին փուլի 10,29 միավորի և անցած տարվա 10,34-ի փոխարեն կազմելով 9,57։

Անցած տարվա երկրորդ փուլի համեմատ այս տարի աճել է դրական միավորի շեմը՝ 7,5 միավորը չհաղթահարած դիմորդների թիվը, որը կազմել է  82 հոգի կամ մասնակիցների 32,8 տոկոսը՝  21,2 տոկոսի փոխարեն։

Հունվարին առաջին փուլում ևս անբավարար ստացած դիմորդների թիվը ցածր է եղել՝ 26,95 տոկոս։

Ինչ վերաբերում է «Քիմիա» առարկայից միասնական քննությանը, ապա Գրիգորյանի տեղեկատվությամբ՝ հայտագրված 1176 դիմորդից մասնակցել է 1124-ը։

Նախնական արդյունքներով՝ միջին միավորը կազմել է 11,14։

Քիմիայի միասնական քննությունից երկրորդ փուլում դրական միավորի շեմը չի հաղթահարել 321 դիմորդ կամ 28,6 տոկոսը, որն անցյալ տարի 26,7 տոկոս է եղել։

Այդուհանդերձ, այս տարվա առաջին փուլի՝  33,4 տոկոսի համեմատ անբավարար միավորներ ստացողների ցուցանիշը նվազել է։ 

Ինչպես նշեց ԳԹԿ մամուլի քարտուղարը, այս տարի Քիմիայից 20 միավոր վաստակել է 7 դիմորդ, իսկ Ռուսաց լեզվից՝ 20 և 19 միավոր ստացողներ չեն եղել, 3 դիմորդ հավաքել է 18-18,75 միավոր։

Տպել
Ամենաշատ