News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

2023թ. ալկոհոլի վաճառքը Ռուսաստանում ռեկորդային է եղել անցած ինը տարիների համար. 15-ից բարձր տարիքի մեկ սպառողին բաժին է հասել 8 լիտր զուտ սպիրտ։ Այսպիսի եզրակացության են եկել «Եթե ստույգ լինենք» նախագծի վերլուծաբանները Ռոսստատի, Ռոսալկոհոլկարգավորման եւ առողջապահության նախարարության տվյալների հիման վրա, գրել է «Կոմերսանտը»։

Մինչ այդ ցուցանիշը պլանաչափ իջնում էր. 2007թ. մեկ սպառողին բաժին էր ընկնում 11 լիտր մաքուր սպիրտ, 2017-ին՝ արդեն 7 լիտր։ Սակայն Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո միտումը փոխվել է, նշում են վերլուծաբանները։

«Ավելանում է բացարձակ ալկոհոլի (զուտ սպիրտի) ըստ լիտրերի վաճառքը բնակչության մեկ շնչի հաշվով։ Դա միանշանակ վկայում է սպառման աճի մասին։ Բնակչությունն այդ կերպ արձագանքում է դժվարություններին»,- ասում է Ռուսաստանի տնտեսական դպրոցի (ՌՏԴ) ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Եվգենի Անդրեեւը։

Վերլուծաբանների կարծիքով՝ սպառման իրական մակարդակը կարող է մեկ երրորդով ավելին լինել նրանից, որի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։ Անուղղակիորեն այդ մասին վկայում են մահացության, ալկոհոլային փսիխոզի հիվանդացության տվյալները եւ կանանց եւ տղամարդկանց միջեւ կյանքի ակնկալվող տեւողության  տարբերությունը։

Բացի այդ, Ռուսաստանում ավանդաբար շրջանառվում է մեծ քանակությամբ չգրանցված ալկոհոլ (ոչ միայն կեղծված խմիչքներ, այլեւ սուռոգատներ եւ ինքնաթոր խմիչքներ)։ Ալկոհոլի մոտ 60 տոկոսը (զուտ սպիրտի հաշվարկով, ներառյալ չգրանցված ալկոհոլը) բաժին է ընկնում թունդ խմիչքներին՝ օղի, կոնյակ, լիկյոր, գինի։

Սպառման նվազումը ՌԴ առողջապահության նախարարությունում բացատրել են կորոնավիրուսի համավարակով եւ նրա առաջացրած սթրեսային շրջանով։ Սակայն Ռուսաստանում սպառումն սկսել է ավելանալ դեռ ճգնաժամերից առաջ, նշել է վերոնշյալ դպրոցի տնտեսական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Մարիա Կոլոսնիցինան։ Նրա խոսքով՝ վաճառքի դանդաղ, բայց անշեղ աճը դարձել է «թուլացող հակաալկոհոլային քաղաքականության» արդյունքը։

«Եթե ստույգ լինենք» նախագծի վերլուծաբանների հաշվարկներով՝ 2009թ. մեկ միջին աշխատավարձով կարելի էր գնել 87 լիտր օղի, 2014-ին՝ 59, 2021-ին՝ 89, իսկ 2023-ին՝ արդեն 105 լիտր։ Աշխատավարձի հանդեպ օղին նորից էժանանում է, ընդգծել են վերլուծաբանները։

Ռուսաստանում ալկոհոլի սպառումը վերջին ժամանակներս ավելանում է տարեկան մոտ 5 տոկոսով, ասում է Ալկոհոլի դաշնային եւ տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը պատերազմն է Ուկրաինայում եւ նրա առաջացրած «հոգեբանական լարվածությունը», ինչպես նաեւ ազատ ճամփորդելու անհնարինությունը։ Միջին դասը սկսել է արտասահման գնալ երկու անգամ ավելի քիչ եւ «խմում է տանը»,- ասում է Դրոբիզը։ Նրա խոսքով՝ բարձրացել է նաեւ սակավ ապահով քաղաքացիների կյանքի մակարդակը՝ կապված այն բանի հետ, որ սկսել է «հզոր աշխատել ՌԱՀ-ը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ