News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

«Վիոլետա Գևորգյանն է մահացել… Մեր երիտասարդ տարիների կուռքը: Մեր Աշնան արևն ու բոլոր եղանակների ջերմությունը…»,- գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը։

«Աղուն էր խաղում: Ամբողջ քաղաքը գնում էր նրա խաղը տեսնելու, նրա հետ ծիծաղելու ու արտասվելու: Հետո հաջորդ օրը նորից էինք գնում: Ու գնում էինք նաև մյուս օրը:

Մի անգամ ներկայացումն ավարտվեց, վարագույրը փակվեց, բայց ոչ ոք չհեռացավ թատրոնից: Մարդիկ խմբվել էին շենքի մուտքի մոտ ու սպասում էին, թե նա երբ դուրս կգա: Ու երբ հայտնվեց Վիոլետան, նրան ողողեցին ծափերով ու ծաղիկներով: Բայց դա էլ քիչ էր: Եվ այդ ժամանակ հարյուրավոր երիտասարդներ որոշեցին, որ իրենց պաշտելի դիրասանուհուն գիշերային քաղաքի միջով պիտի այդպես ուղեկցեն մինչև տուն: Ու նրան տուն տարանք…»,- գրել է գրականագետը։

Դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանի մահվան լուրը տարածվեց այսօր։  Նա 80 տարեկան էր։

Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։

Վիոլետա Գևորգյանը նկարահանվել է «Տատիկի թոռնիկը» (1979 թ.), «Ապրեք երկար» (1979 թ.), «Այդքան սպասվող օրը» (1980 թ.), «Վառած լապտեր» (1983 թ.) և այլ ֆիլմերում: 1987 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

1991 թվականին տեղափոխվել և բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Տպել
Ամենաշատ