News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ Եսայի Քարամյանը ներկայումս ունի վկայի կարգավիճակ։

«Ես նոր եմ ներգրավվել՝ որպես վկայի փաստաբան։ Քանի որ Եսային չի կարող ձեռքով ստորագրել որևէ փաստաթուղթ, հարցաքննության արձանագրության տակ, փորձում ենք նրա կնոջ միջոցով ապահովել իմ ներգրավվածությունը, որ կարողանանք համապատասխան միջնորդություններ ներկայացնել և իրավունքների պաշտպանությամբ զբաղվել»,- ասել է փաստաբանը։ Նրա փոխանցմամբ՝ առկա է քննիչի որոշում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, բայց դեռևս դատաբժիշկ չի այցելել, նկատի ունենալով, որ հիվանդանոցային պայմաններում են գտնվում, նման դեպքերում չեն շտապում դատաբժիշկ ուղարկել, քանի որ բժշկական հաստատությունում արդեն իսկ արձանագրվում է հիվանդի իրական վիճակը։ Համապատասխան գրություններն արդեն ուղարկվել են ՔԿ, եթե առաջիկա օրերին որևէ արձագանք չլինի, ապա՝ կառաջնորդվեն այլ ճանապարհով՝ նոր գրություններ և բողոքներ ներկայացնելով։

Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում, առանձին վարույթ՝ նրա մարմնական վնասվածք ստանալու, ոստիկանության անհամաչափ գործողությունների վերաբերյալ չի նախաձեռնվել։

Հարցին՝ միտում չկա՞, որ կարող է հետագայում ներկայացվի այնպես, որ քաղաքացիներն իրենց գործողությունների հետևանքով են տուժել, ոչ թե՝ ոստիկանության անհամաչափ գործողությունների պատճառով, հնարավո՞ր է առանձին հաղորդում ներկայացվի կամ պահանջ առանձնացնելու դրվագը՝ փաստաբանը նշել է, որ դա հետագա անելիքների շարքերում քննարկվում է, բայց այս փուլում առաջնային խնդիր կա՝ առնվազն այս վարույթի շրջանակներում իրականացնելու որոշակի գործողություններ, ինչից հետո կքննարկվի ռազմավարությունը՝ գործը շարունակելու։

Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակն իբրև ձեռքով վերցնելու հանգամանքին, ինչը շահարկվել է իշխանության ներկայացուցիչների կողմից՝ իբրև թե ոստիկանների ուղղությամբ նետելու նպատակով, ապա Եսայանն ընդգծեց՝ որևէ նման միտում չի ունեցել, դա բացարձակ փաստերի խեղաթյուրում է։

«Իրավապահ մարմիններն իրենց վկայակոչած փաստերը պարտավոր են ապացուցել, քանի որ գործում է անձի անմեղության կանխավարկածը։ Ցանկացած պարագայում որևէ փաստական տվյալով չի ապացուցվում այն հանգամանքը, թե Եսային նման միտում կամ ցանկություն է ունեցել, դա մտացածին ինչ-որ ենթադրություններ են, որոնք որևէ կերպ փաստարկված չեն։ Վստահ եմ՝ գործի քննության ընթացքում ամեն ինչ կդառնա պարզ, հասկանալի և հանրամատչելի՝ բոլորի համար»,- ասել է Մանուշ Եսայանը։

Անդրադառնալով Եսայի Քարամյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնել է, որ նա շարունակում է գտնվել  բուժհաստատությունում, երկու ձեռքերը վիրակապված են, զրկված է ձեռքերով ուտելու կամ այլ գործողությունների, սեփական խնամքի հնարավորությունից, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ տարբեր խորության և չափերի, բեկորային վնասվածքներ են առկա, բայց ընդհանուր տրամադրությունը բավականին մարտական է և տրամադրված է՝ հասնելու արդարության։

Հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների՝ բռնության և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է ավելի քան 101 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, սակայն իրավապահներն առ այս պահը գնահատականներ չեն տվել ոստիկանության ծառայողների գործողություններին, իսկ վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների՝ տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու հանգամանքները քննարկվում են, այսպես կոչված, «Զանգվածային անկարգության» գործով, որով ձերբակալությունների մասին ՔԿ-ն ջանասիրաբար հայտնում է։ Նախաքննական մարմինը, սակայն, առ այս պահը լռում է՝ տուժած քաղաքացիների մասին։ «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿ՝ պարզելու, թե քանի անձ, այդ թվում՝ ոստիկանության ծառայող՝ ունի տուժողի կարգավիճակ, սակայն կառույցից խուսափել են տուժողների մասին տեղեկություն տրամադրելուց։

«Քննչական գործողությունները շարունակվում են, հստակ չեմ կարող ասել, շարունակական գործընթաց է։ Քննության որոշակի փուլում կհայտնենք»,- ասել են Քննչական կոմիտեից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտшկարգ դեպք՝ Արարատում․ տան ինքնաշեն վերելակի ճոպանը պոկվել է, մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան…
Օձի խшյթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պшյքարում են նրա կյանքի համար
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են...
Ռուս զինվորը կրակել է երկու ծառայակցի վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ստորաբաժանումից
Բելգորոդի մարզում հայտարարվել է «Գաղտնալսման» պլանը։ Շոթը նշել է, որ տասը ժամից ավելի փնտրում են...
Երևանի «Դեյվ հոթել»-ում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող հետախուզվողներ
Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ…
Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է
Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ...
Նեպալում սողանքի հետևանքով առնվազն 65 մարդ համարվում է անհետ կորած
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ