News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Իջևանի թիվ 4, Դիլիջանի թիվ 2 հիմնական և Գետահովիտի միջնակարգ դպրոցներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել է քննության ընթացքին և հաջողություն մաղթել աշակերտներին:

«Հաշվի առնելով, որ այս տարի Տավուշի մարզում նոր չափորոշչով ուսումնառություն անցած աշակերտներն արդեն ավարտական դասարաններում են՝ քննությունների ձևաչափերը փոխվել են նոր չափորոշչի տրամաբանությանը համապատասխան, և արդյունքը ցույց է տալու նոր մոտեցումների ազդեցությունը կրթության վրա»,- ասել է նախարարի տեղակալը:

Այսօր տավուշցի 9-րդ դասարանցիները հանձնել են «Գրականություն» և «Պատմություն» առարկաների ինտեգրված փորձնական (պիլոտային) քննություն: Նրանց տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ հիմնականում նույն ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, և պետք էր գրել էսսե դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ըստ չափանիշների ու վերլուծական կարողությունների: Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ հաջողված է այն կրթական համակարգը, որը կարողանում է միջառարկայական կապեր ստեղծել՝ նպաստելով սովորողի քննական և վերլուծական մտածողության զարգացմանը:

«Քննության նոր ձևաչափը միջառարկայական կապեր ստեղծելու և համապատասխան արդյունքները դիտարկելու նպատակ ունի:  Այս մոտեցումը միտված է զարգացնելու երեխաների ստեղծագործական միտքը,  քննադատական և վերլուծական մտածողությունը, ինքնավստահությունը, մտքերն անկաշկանդ արտահայտելու կարողությունը»,- նշել է փոխնախարարը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել և հորդորել  աշակերտներին համարձակորեն և անկաշկանդ արտահայտել մտքերը և սեփական կարծիքները: «Մի՛ սահմանափակեք ձեր երևակայությունը, քանի որ այս քննությունը ձեր ստեղծագործականությունը դրսևորելու հնարավորություն է: Մեզ համար չափազանց կարևոր է ծանոթանալ ձեր անձնական տեսակետներին ու վերլուծություններին: Վստահ եմ՝ բոլորդ շատ հետաքրքիր մտքեր ունենք, որոնք կարտացոլվեն գրավոր աշխատանքներում»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ըստ նրա՝ ստացված արդյունքները կօգնեն հասկանալ, թե հանրապետության մյուս դպրոցներում ինչպես պետք է շարունակել քննության նոր ձևաչափը:

«Այս ձևաչափով քննությունը հաջորդ տարի ևս կանցկացվի միայն Տավուշի մարզում՝ կրկին փորձնական: Վերլուծությունների արդյունքում կհասկանանք՝ ինչ խնդիրներ կան, ինչը փոխելու կարիք կա, և միայն 2026-2027 ուստարում կներդրվի մյուս դպրոցներում ևս»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է Տավուշի մարզում անցկացնել փառատոն-ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշակերտների հաջողված նախագծային աշխատանքներն ու էսսեները:

«Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցիչների գնահատմամբ՝ էսսեի ձևաչափով միասնական քննությանը նախապատրաստվելու ընթացքը ուսուցողական էր նաև իրենց համար՝ էսսեի ժանրը խորապես ուսումնասիրելու, կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նրանք կարծում են, որ այսկերպ երեխաներն ինքնադրսևորվելու, խոսքն ու միտքը զարգացնելու լավ հնարավորություն են ունենում, թեև միշտ աշխատելու կարիք կա:

Որոշ աշակերտներ ոգևորված էին գրականությունից էսսե գրելու առիթով, որոշները՝ պատմությունից, բայց գրեթե բոլորն էլ միակարծիք էին, որ ստեղծագործական աշխատանքով քննություն հանձնելն իրենց ավելի է մոտիվացնում:

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետի՝ Նարինե Սիրականյանի խոսքով՝ էսսեի գնահատման չափանիշները հստակեցված են, և աշակերտներն էսսեն պետք է գրեն դրանց համապատասխան: Կարևորվում են ստեղծագործականությունը, նյութի իմացությունը, խաչվող հասկացությունների ինտեգրման կապը, աշակերտի դիրքորոշումը և այլն:

Տպել
Ամենաշատ