News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:

«Իհարկե, նաև հույս եմ հայտնում, որ պատեհ առիթի դեպքում կայցելեք Հայաստան և մենք ուրախ կլինենք հանդիպել Ձեզ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և հաջողություն է մաղթել Վիկտոր Ռիխտերին հետագա գործունեության մեջ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները: «Վստահ եմ, որ կշարունակվի համագործակցության այս ձևը, որը մենք ընտրել ենք, որի հիմքում ընկած է փոխվստահությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Կցանկանայի ընդգծել, որ մենք համոզված ենք՝ Հայաստանի Հանրապետությունն առանց ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների՝ զարգացում չի կարող ունենալ»,- նշել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:

«Հայաստանում դիվանագիտական ծառայության տարիները լի էին մեծ ու խորը տպավորություններով, որոնք ջերմորեն կհիշեմ: Ես նաև ականատեսը եղա մեր երկու երկրների միջև արդեն իսկ արդյունավետ ընթացող երկկողմ հարաբերությունների ավելի մեծ աճին»,- ասել է դեսպանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ինչպես երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, այնպես էլ Եվրամիության շրջանակներում սերտ համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:

Կողմերը նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում:

Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա միջխորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, ինչի կապակցությամբ դեսպանն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունն ապագայում էլ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ