News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև փոխադարձ անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու պարտավորության մասին համաձայնագիր ստորագրելուց հետո Հարավային Կորեայի կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ կվերանայի իր դիրքորոշումը։ Ըստ Մոսկվայի և Փհենյանի համաձայնագրի՝ փոխադարձ ռազմական օգնությունը կտրամադրվի, եթե նրանցից մեկը հարձակման ենթարկվի, հայտնել է Yonhap գործակալությունը:

Երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չան Հո Չժինը ևս դատապարտել է համապարփակ ռազմավարական պայմանագիրը, որը չորեքշաբթի Փհենյանում գագաթնաժողովի ժամանակ ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

«Կառավարությունը խորը մտահոգություն է հայտնում և դատապարտում Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի նպատակն է ամրապնդել փոխադարձ ռազմական և տնտեսական համագործակցությունը», - հայտարարել է Չժինը։

Նա շեշտել է, որ ցանկացած համագործակցություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բարձրացնում է Հյուսիսային Կորեայի ռազմական հզորությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում է և կենթարկվի միջազգային վերահսկողության և պատժամիջոցների, և խոստացել է համապատասխան գործողություններ ձեռնարկել:

Նախագահի խոսնակն ասել է, որ Հարավային Կորեան ռազմավարական անորոշություն է պահպանելու Ուկրաինային մատակարավելիք սպառազինությունների տեսակների վերաբերյալ:

Ըստ կառավարական աղբյուրների, ցանկում կարող են ընդգրկվել ՀՕՊ համակարգեր, քանի որ Ուկրաինային խիստ անհրաժեշտ են հակահրթիռային վահաններ՝ ռուսական օդային հարվածներին դիմակայելու համար:

Հարավային Կորեան միաժամանակ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև զենքի և նավթի փոխադրումների մեջ ներգրավված ռուսական չորս նավերի, հինգ կազմակերպությունների և ութ անձանց նկատմամբ։

Ուկրաինայումպատերազմ սկսելուց հետո դեպի Ռուսաստան արտահանման հսկողությունը տարածվում է 1159 անուն ապրանքի վրա, իսկ Հարավային Կորեան կավելացնի 243 նոր անուն  ապրանք՝ պատժամիջոցների ենթակա ապրանքների ընդհանուր թիվը հասցնելով 1402-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ