News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Ակնկալիքներ կան, որ «Հանուն հայրենիքի» շարժման շուրջ առաջնորդների առավել ընդգրկուն, առավել մասնագիտացված կազմ պետք է ձևավորվի։ Դրա համար անհրաժեշտ է այս խմբերի, ինչպես նաև շարժման պատրաստակամությունը՝ հանուն փոխգործակցության։ Դրա մասին հունիսի 26-ին խոսել է շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։

Շարժումը պետք է ամրապնդվի շարժմանը միացող մարդկանցով, ովքեր նույնպես պատասխանատվություն կստանձնեն։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

«Հայտարարվելիք կառավարության կազմը պետք է լինի հանրության համար վստահելի, հմտություններ և մասնագիտական ​​փորձ ունենա։ Այս ամենը պետք է տեղի ունենա քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով»,- պարզաբանել է նա։

Նա նշել է, որ փողոցային պայքարի դադարը պետք է օգտագործել հենց այս խորհրդակցությունների համար։

«Այս թեմայի վերաբերյալ իմ առաջարկը նախկինում բուռն արձագանք էր առաջացրել։ Սակայն դրա մասին ավելի ուշ խոսեց նաև Բագրատ Գալստանյանը։ Սոցիալական հարցումները ևս վկայում են, որ դա է ակնկալում հասարակությունը։ Մարդիկ, ովքեր տատանվում էին շարժմանը միանալու հարցում, ցանկանում են տեսնել հստակ քաղաքական ծրագիր և մարդկանց, ովքեր այն կյանքի կկոչեն։

Արդեն հիմա պետք է մտածել, ասենք, ԱԺ պատգամավորության թեկնածուների մասին, եթե ընտրությունների անցկացման ճանապարհով գնալու անհրաժեշտություն ծագի։

Պետք է հնարավորինս շուտ անցկացվեն քաղաքական խորհրդակցություններ, քանի որ դա  հնարավորություն կընձեռի հասնել քաղաքական արդյունքի և այն ներկայացնել հանրությանը:

Մարդիկ, որոնք մասնակցել են 2018-ի իշխանափոխությանը, այս իշխանություններից հիասթափված են, սակայն դրան գումարվում է այն, որ նրանք ավելի զգուշավոր են դարձել և որոշակիություն են ցանկանում տեսնել։

Ավելի կարևոր է հանրությանը ծրագիրը ներկայացնելը, նկատի ունենալով, որ Հայաստանում արմատացած է այն միտքը, որ իշխանափոխությունը կարող է հանգեցնել պատերազմի: Սակայն կարևոր է հասկանալ, որ Հայաստանում բոլոր բացասական գործընթացները տեղի են ունենում պատերազմի սպառնալիքի ներքո»,- նշել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ իշխանությունները նախընտրական շրջանում իրենց խոստումներին  հակառակ քաղաքականություն են վարում՝ պայմանավորելով դա աշխարհաքաղաքական փոփոխություններով։

«Եթե այդպես է, թող հրաժարական տան, նոր ծրագրով գնան ընտրությունների։ Այս դեպքում «Հանուն հայրենիքի» շարժման հստակ ծրագիր պետք է լինի, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչն  ընտրեն։

Բագրատ Գալստանյանը մտածում էր, որ շարժման ձևավորման սկզբում քաղաքական գործիչների առաջադրումը հասարակության կողմից չընդունվելու առումով կարող է ռիսկեր ստեղծել։ Մինչդեռ հիմա հակառակ իրավիճակն է։  Հարցը կախված է օդում և պատասխան է պահանջում, որպեսզի մարդիկ հստակ պատկերացում կազմեն։

Գործիչների ցանկը, որոնք կարող են ներկայացվել որպես առաջնորդ, կարող է ներառել շարժմանը ակտիվորեն մասնակցած ավելի քան 100 մարդու», - հավելել է «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամը։

Նրա գնահատմամբ՝ շարժումը պետք է ամեն կերպ իշխանություններին խանգարի երկիրը տանել կապիտուլյացիոն ճանապարհով։

«Շարժման պայքարը հանգեցրեց նրան, որ Տավուշի սահմանազատումն իրականացվեց Հայաստանի համար ավելի շահավետ պայմաններով, քան նախատեսել էր Ադրբեջանը։ Բաքուն հասկացավ, որ ավելորդ ճնշումը կարող է պայթյուն առաջացնել Հայաստանում, և իրենք ընդհանրապես ոչինչ չեն ստանա։

Միաժամանակ շատ կարևոր է պահպանել շարժման միասնականությունը։ Հայաստանի իշխանությունները ձգտում են կոտրել շարժումը, ուստի պետք է աշխատել այն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Շարժումը չի մարել, չի կարող մարել, բայց կարող է վերափոխվել։ Բագրատ Գալստանյանը հենց դա է անում»,- նշել է նա։

Չալաբյանը շեշտել է ոստիկաններին օրենքի սահմաններում պահելու անհրաժեշտությունը։

«Նրանցից ոմանք հունիսի 12-ին բազմաթիվ օրենքի խախտումներ են արել։ Այդ իրավիճակի հետ չի կարելի հաշտվել։ Մենք պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնենք, ինչին էլ պատրաստվում ենք անել։ Բոլոր տուժածերը իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության հարցում պետք է հետևողական լինեն։

Ոստիկանությանը պետք է հասկացվի, որ իշխանափոխությունից հետո օրենքը խախտող բոլոր աշխատակիցները պատասխանատվության են ենթարկվելու, որ այսուհետ իրենց ավելի զուսպ պահեն։

Մենք պետք է աշխատենք միջազգային կազմակերպությունների և ժողովրդավարական արժեքները պաշտպանող երկրների հետ։ Եթե ​​այդ երկրները աչք են փակում նման խախտումների վրա, ուրեմն էլ ինչո՞վ են լավը այն ավտորիտար երկրներից, որոնց դեմ փորձում են պայքարել»,- ընդգծել է «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամը։

Նա չի բացառել, որ արևմտյան մի շարք երկրների կառավարություններ  աջակցում են Հայաստանի իշխանությանը։

«Այդ դեպքում պետք է աշխատենք հասարակական կարծիքի, խորհրդարանականների հետ: Պետք է կոտրել ժողովրդավարության բաստիոնի մասին աղաղակող իշխանությունների դիմակները»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Ավետիք Չալաբյանը չի բացառել նաև, որ նույն արևմտյան երկրները, որոնք աջակցում են իշխանություններին, կարող են ստիպել նրանց գնալ ընտրությունների, եթե չկարողանան հանդարտեցնել իրավիճակը երկրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ