News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը պետք է խաղաղության պայմանագրի մաս դառնա, NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Ադրբեջանը հպարտանում է բազմամշակութային հասարակություն ունենալով, նախագահ Ալիևը բարձր է գնահատում Ադրբեջանի՝ բոլոր մարդկանց համար բաց լինելը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից: Հիմա Ադրբեջանը հնարավորություն ունի հետ ընդունել հայերին դեպի Լեռնային Ղարաբաղ։ Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքը շարունակվում է, բայց մենք բոլորս հույս ունենք, որ կգա մի պահ, երբ հայերն իրենց անվտանգ ու ապահով կզգան Լեռնային Ղարաբաղ վերադառնալու պարագայում: Այստեղ գնդակն Ալիևի դաշտում է՝ նախագահ Ալիև, պատրա՞ստ եք ընդունել հայերին և պաշտպանել նրանց իրավունքները: Սա պետք է լինի ցանկացած խաղաղ համաձայնագրի բաղկացուցիչ մասը, և որքան էլ դժվար լինի, կարծում եմ, հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի խաղաղ ու անվտանգ»,- նշել է Ուորլիքը։

Նախկին դիվանագետը շեշտել է՝ այն, որ տարածքային տեսանկյունից Ալիևը հարցը փակված է համարում ու կարծում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է, դեռ չի նշանակում, որ դուռը փակ է հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։

«Սա մի բան է, որը նախագահ Ալիևը պետք է ողջունի, և այդ դեպքում նրան կհամարեն պետական այր, որը նման քայլի է գնում: Հասկանալի է՝ հայերը ավանդական կապեր ունեն Լեռնային Ղարաբաղի հետ, և ավելի քան 100,000 մարդու զանգվածային տարհանումն իրականում ողբերգություն է Հայաստանի համար: Ես չեմ խոսում տարածքային հարցի մասին, ես խոսում եմ մարդկանց և Լեռնային Ղարաբաղ վերադառնալու՝ նրանց ցանկության մասին, և դա պետք է լինի քննարկման մի մաս, թե ինչպես կարող է հայկական փոքրամասնությունը վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և ապահով ապրել այնտեղ, քանի որ շատերը կցանկանային դա»,- նշել է Ուորլիքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հայկ Սահակյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ