News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Շվեյցարական դատարանը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ Հինդուջա ընտանիքի չորս անդամներին դատապարտել է ազատազրկման՝ Ժնևի իրենց առանձնատան հնդիկ սպասավորներին շահագործելու մեղադրանքով, հայտնել է Ֆրաանսպրես գործակալությունը։

Հինդուջա ընտանիքի անդամները, որոնք ներկա չէին դատարանում, արդարացվել են թրաֆիքինգի համար մեղադրանքներից, սակայն ուրբաթ դատապարտվել են այլ մեղադրանքներով։ Դա ցնցող դատավճիռ է մի ընտանիքի համար, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

Պրակաշ Հինդուջան և նրա կինը՝ Քամալը, դատապարտվել են 4,6-ական տարի ազատազրկման, իսկ նրանց որդին՝ Աջայը և նրա կինը՝ Նամրաթան, դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման։

Գործն առնչվում էր Հնդկաստանից սպասավորներ ներմուծելու ընտանիքի գործելաոճին և ներառում էր մեղադրանքներ, ըստ որոնց Շվեյցարիա ժամանելուց հետո սպասավորների անձնագրերը առգրավվել են:

Դատախազները պնդում էին, որ Հինդուջա ընտանիքի անդամներն իրենց աշխատակիցներին չնչին գումար են վճարել և թույլ չեն տվել նրանց դուրս գալ տնից: Ընտանիքը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ դատախազները ցանկանում են «հաշվեհարդար տեսնել Հինդուջա ընտանիքի հետ»։

Հինդուջաները գաղտնի արտադատական ​​համաձայնության են եկել իրենց դեմ մեղադրանքներ ներկայացրած երեք աշխատակիցների հետ, սակայն դատախազները որոշել են գործը շարունակել՝ մեղադրանքների լրջության պատճառով:

Եզրափակիչ խոսքում մեղադրողն ընտանիքին մեղադրել է այն բանի մեջ, որ ընտանիքը գումար խնայելու համար չարաշահել է ազդեցիկ գործատուի և խոցելի աշխատողի միջև առկա «անհամաչափ իրավիճակը»։

Հինդուջա ընտանիքի սպասավորների աշխատավարձերը տատանվում էին ամսական 220-400 շվեյցարական ֆրանկ (195-350 ֆունտ ստեռլինգ)՝ անհամեմատ ավելի ցածր, քան նրանք ի վիճակի էին վաստակել Շվեյցարիայում:

Նավթի և գազի, բանկային և առողջապահական ոլորտներում մասնագիտացած բրիտանական Hinduja Group-ը ներկայություն ունի 38 երկրներում և ունի մոտավորապես 200 հազար  աշխատող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ