News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Դատարանը հիմնավոր է համարել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, խարդախության, յուրացում կատարելու, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու համար մեղադրող դատախազի կողմից թվով 8 անձանց ներկայացված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատարանը, ստուգելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները` իրենց համակցությամբ, պարզել է, որ «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղի թվով 6 աշխատակիցներ մեղավոր են ճանաչվել 2007-2009թթ. ընթացքում առանց պատշաճ կարգով վարկային գործեր կազմելու այլ անձանց անունով կեղծ վարկեր ձեւակերպելու մեջ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Ղասաբօղլյանը,  2005թ. մինչեւ 2008թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում աշխատելով «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղում` որպես մասնաճյուղի ակտիվային գործառույթների խմբի տնտեսագետ եւ վարկային պատասխանատու, բանկի վարկառուների վստահությունը չարաշահելու եւ կեղծ վարկային գործեր կազմելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 44 մլն 215 հազար դրամ գումար:

Ապա կեղծ փաստաթղթեր օգտագործելով` Կ. Ղասաբօղլյանը կենցաղային տեխնիկայի ձեռք բերման կեղծ վարկեր է  ձեւակերպել տարբեր քաղաքացիների անվամբ, գումարը փոխանցել կենցաղային տեխնիկայի առեւտրով զբաղվող «Աստղիկ» ՍՊ ընկերության հաշվեհամարին, ապա փաստաթղթերով ցույց տվել` իբր վարկառուներն ստացել են կենցաղային տեխնիկան, իսկ փոխանցված գումարը` 10 մլն 488 հազար 440 դրամ, կանխիկացրել:

Իր հերթին Ա. Թովմասյանը, ով աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանմունքում եւ մինչեւ 2009թ. մայիսը համատեղության կարգով` նաեւ «Աստղիկ» ՍՊ ընկերությունում` որպես վաճառող, հանցավոր համաձայնության գալով  Կ. Ղասաբօղլյանի եւ նույն ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Խաչատրյանի հետ (մահացել է) պատրաստել է կեղծ տեղեկանքներ: Այդ տեղեկանքների օգտագործմամբ մի շարք քաղաքացիների անվամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր են ձեւակերպել, որով Ա. Թովմասյանն օրինականացրել է 5 մլն 416 հազար 400 դրամ գումար:

«ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության նույն մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Ն. Նավասարդյանը օժանդակել է Կ. Ղասաբօղլյանին «Աստղիկ» ՍՊ ընկերության հաշվեհամարին մի շարք քաղաքացիների անվամբ փոխանցելու եւ յուրացնելու կեղծ, առանց համապատասխան վարկային գործերի ձեւակերպած եւ համակարգիչ մուտքագրված վարկերից ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները:

«ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղի սպասարկման բաժնի վարիչ Ս. Ասատրյանը, մասնաճյուղի կառավարչի տեղակալ Ա. Մկրտչյանը եւ սպասարկման բաժնի ավագ մասնագետ, գանձապահ Վ. Ասատրյանը մոտ մեկ տասնյակից ավել քաղաքացիների անվամբ ձեւակերպված վարկերի գումարները գլխավոր հաշվապահ Ն. Նավասարդյանի օժանդակությամբ  բաց են թողել նույն մասնաճյուղի վարկային պատասխանատու Կ. Ղասաբօղլյանին` օժանդակելով վերջինիս յուրացնել բանկին պատկանող գումարները:

Բացի այդ, քաղաքացի Պ. Մանուկյանը, չարաշահելով իր հարեւանուհու վստահությունը, վերցրել է վերջինիս անձնագիրը եւ առանց նրա համաձայնության`  նրա անվամբ «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության Սեւանի մասնաճյուղում կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկ է ձեւակերպել եւ սահամանված կարգով վարկի մարումը չկատարելով` հափշտակել այդ գումարը:

Սույն քրեական գործով  ամբաստանյալներից 2-ը  դատապարտվել են` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, 4-ը` յուրացում կատարելուն օժանդակելու եւ 1-ը` խարդախության համար:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հոկտեմբերի 11-ի դատավճռով բոլոր  ամբաստանյալներին նշանակել է պատիժներ`  ազատազրկման ձեւով: Ըստ այդմ.

Կ. Ղասաբօղլյանը դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 10,5 մլն դրամի բռնագրավմամբ, Ա. Թովմասյանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 5,4 մլն դրամի բռնագրավմամբ, Ա. Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով:

Ն. Նավասարդյանը, Ս. Ասատրյանը, Ա. Մկրտչյանը եւ Վ. Ասատրյանը եւ Պ. Մանուկյանը  դատապարտվել են ազատազրկման 3 տարի ժամկետով, բայց ազատվել են պատժի կրումից:

Դատարանը միաժամանակ բավարարել է «ՎՏԲ –Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հայցը` պատճառված վնասը վերականգնելու առումով:

Ա. Թովմասյանը եւ Ա. Առաքելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը վերանայելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ