News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Լալայի ու Աշոտի ընտանիքին ծանոթ եմ ավելի քան 40 տարի ու հիանում էի այդ ընտանիքով։ Իսկ  Լալա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր դերասանուհի էր՝  հմայքով լեցուն, գեղեցկատես: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։

Նրա խոսքով, Լալայի կատարած դերերը ընդմիշտ մնալու են հայ բերմարվեստի պատմության մեջ։

«Ուժեղ մարդ էր Լալան։ Կնոջը ոչ բնորոշ ուժ ուներ, խելացի ու համարձակ էր: Երբեք չէր բողոքել առողջական խնդիրներից, նույնիսկ ինքն էր մեզ խորհուրդներ տալիս, որ ավելի առողջ ապրենք, ավելի գեղեցիկ ապրենք: Շատ ակտիվ էր կյանքի բոլոր հարցերի նկատմամբ»,- ասաց Թովմաս Պողոսյանը:

«Սիրելի էր մեր ժողովրդի համար։ Գնաս խաղաղությամբ, սիրելի Լալա»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ