News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Շատ դժվար է խոսել Լալայի մասին, րովհետեւ շատ անսպասելի էր, ես չեմ հավատում, որ ինքը չկա. Իրեն այս դերը չի սազում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը։

«Ինչու լավագույններին միշտ շուտ է տանում Աստված: Հրաշալի մայր, հրաշալի ընկերուհի, լավ դերասանուհի, լավ ամուսին, լավ ընտանիք․․․,  ամեն ինչ ուներ ապրելու համար, բայց դաժան կյանքը տեսնում եք՝ ինչպիսին եղավ:

Նախագիծ կա «Այսօր հանուն վաղվա». Երկու ամիս առաջ մենք միասին էինք մի սենյակում, երկար զրուցեցինք, խոսեցինք ամեն ինչի մասին: Ո՞վ կսպասեր նման բան: Ընկերական շրջապատում միշտ հումորով էր»,-ասաց նա՝ հավելելով, որ Լալան առողջ էր, երեւի անսպասելի սրտի կանգ է եղել:

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Տպել
Ամենաշատ