News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Ես Լալա Մնացականյանի հետ չեմ աշխատել ոչ կինոյում, ոչ թատրոնում, բայց միասին ինստիտուտում ենք աշխատել, նույն կուրսում։ Ես իրեն տխուր չեմ կարողանում հիշել, կյանքով, երջանկությամբ լեցուն էր: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողներին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Դավիթ Հակոբյանը։

Նա նշեց, որ բոլորին երջանակություն էր սովորեցնում։

«Թվում էր՝ բոլոր ցավերին թեթև է նայում, բայց ...

Հետաքրքիր մի գույն մեր արտիստական կյանքում պակասեց»,- ասաց Դ. Հակոբյանը։

Նա նաև մի պատմություն հիշեց. «Մի ներկայացում էինք արել, որտեղ մահացածի դեր էի խաղում։ Այդ նկարը սև ժապավենով ներկայացումից հետո դրվել է մեր զգեստասենյակում։ Առաջին պլանում դրված էր։ Լալան չէր նայել ներկայացումը ու մի օր մտնում է  այնտեղ, տեսնում սև ժապավենով նկարը։ Հիստերիկա է մոտը սկսվում, ոնց թե Դավիթ...

Վատանում է, փորձում են հանգստացնել, ասում են՝ ներկայացում է։ Բացարձակ չի լսում ոչ մեկին, մինչև մի կերպ հանգստանում է։

Ես իմանում եմ այդ պատմությունը։ Հաջորդ օրը ինստիտուտի դիմաց կանգնած է, մոտեցա, ձեռքս դրեցի ուսին, ասացի՝ Լալա... Շուռ եկավ ու... հռհռում էր, գրկել էր ինձ, բաց չէր թողնում, ոնց որ այն աշխարհից հետ էի եկել»։

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ