News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը, բայց վկաների հարցաքննությունն ուղիղ եթերով չի հեռարձակվելու։

Ավելի վաղ հայտնել էինք` դեռ ապրիլի 11-ին, չնայած այն բանին, որ ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները երաշխավորություն էին ներկայացրել, դատարանը որոշեց, որ Աշոտյանի կալանքը պետք է երկարաձգվի ևս 3 ամսով։ Դոլմազյանը հայտնել էր` որոշումը պայմանավորված է նրանով, որ դեռ հիմնական դատալսումներ չեն եղել, ապացույցները չեն հետազոտվել, վկաներն էլ չեն հարցաքննվել։

Այսօր արդեն մեկնարկել են վկաների հարցաքննությունները։

Դատախազի միջնորդությամբ դատարանը որոշեց թույլ չտալ, որ վկաների հարցաքննությունն ուղիղ եթերով հեռարձակվի։

«Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Աշոտյանի պաշտպանական խումբը խստորեն առարկել է միջնորդությանն ու որոշմանը։ Մելիքյանը վստահ է` որոշումը նախապես է կայացվել։

Այսօրվա նիստում Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում կրկին ահազանգեց՝ նախաքննական մարմինն իր ու վկա Կարեն Հակոբյանի հեռախոսազրույցները գաղտնալսել է, սակայն դրանց մի մասն են տրամադրել իրեն։

«Կարեն Հակոբյանի վեց ամսվա գաղտնալսեումից տրամադրել են հինգ օրվա խոսակցություն, 82 րոպե»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատական նիստի ընթացքում։

Նա նշեց, որ նախաքննական մարմինը, ստանալով ողջ տեղեկությունը,  իր ճաշակով, ավելի ճիշտ իր մեղադրական տրամաբանությամբ մաքրել է, սանրել է, խուզել է այդ նյութերը։

«Թողել է մի քանի րոպե, ինչ որ իրենց է պետք, բայց այն, ինչ պետք է Ձեզ արդար դատավճիռ կայացնելու համար, և ինձ, որպեսզի ես ևս մեկ անգամ համոզվեմ, որ իմ անազատության մեջ գտնվելն իրավաչափ չի, այդ նյութերը չկան»,-ասաց Աշոտյանը։

Նա միջնորդություն ներկայացրեց դատարանին.

«Խնդրում եմ Ձեզ, միջնորդեք նախաքննական մարմնին քաղաքացի Կարեն Հակոբյանի իրականացրած գաղտնալսումների, այդ թվում արտաքին ու ներքին դիտման ողջ հասանելի  փաթեթը փոխանցեն այդ հարցով շահագրգիռ մեղադրյալին՝ ինձ։ Եթե մյուս մեղադրյալները կուզեն լսել այդքանը... ոնց որ ձեր մեջի պարապը ես եմ լսում րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան, կարամ գամ պատմեմ։ Հիմնավորում եմ, որ դրանք շատ կարևոր են, քանի որ այդ գաղտնալսումների հիմքով ես մեկ տարուց ավելի՝ կալանքի տակ եմ, խնդրում եմ՝ հաշվի առեք այս հանգամանքը»։

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023 թ. հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ