News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի առաջին ուղղորդված էներգետիկ զենքի հաջող փորձարկման մասին, որը հիմնականում օգտագործվելու է անօդաչու թռչող սարքերի դեմ։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ նոր լազերը կկարողանա « այրելով շամփրել» պողպատն ու անջատել արագ շարժվող օբյեկտները։ Լազերը միաժամանակ օժտված է այնպիսի ճշգրտությամբ, որ ունակ է խոցելու 10 ավստրալիական ցենտանոց մետաղադրամը, գրում է  naked-science-ը։

Վերջին ռազմական հակամարտությունները ցույց են տվել, որ հարվածային անօդաչու թռչող սարքերը լուրջ սպառնալիք են դառնում զինվորների կյանքի և տեխնիկայի համար: Նման մեքենաները համեմատաբար փոքր են և աննկատ, և կարող են կրել տանկը շարքից հանելու (և նույնիսկ ոչնչացնելու) ունակ ռումբ։

Շատ երկրներ սկսել են մշակել համակարգեր, որոնք կարող են հաջողությամբ դիմակայել հարվածային անօդաչու թռչող սարքերին: Մասնավորապես, ինժեներները մշակում են հատուկ լազերներ։ «Մարտական ​​լազերների» տեսակներից մեկն էլ ուղղորդված էներգիայի զենքն է (Directed-energy weapon, DEW):

Այս զենքը հիմնված է բոլորովին նոր ֆիզիկական սկզբունքների վրա. այն ոչնչացնում է թիրախները էներգիայի ուղղակի փոխանցման միջոցով՝ առանց հաղորդիչների կամ կինետիկ հարվածային տարրերի կիրառման: DEW-ն ունի մի շարք առավելություններ. նման սարքից «արկը» թռչում է լույսի արագությամբ կամ մոտ (կախված DEW-ի տեսակից), այսինքն՝ շատ ավելի արագ, քան հրթիռները, որոնք հաճախ (ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերին զուգահեռ) օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:

Բացի դրանից, այս տեսակի զենքն ի վիճակի է նվազագույն դադարներով բազում թիրախներ խոցել: Քանի որ DEW-ն օգտագործում է էներգիա, այլ ոչ թե հրթիռներ, այն կարող է պոտենցիալ «կրակել» անսահման թվով անգամ, քանի դեռ համակարգում էներգիա կա:

DEW-ի մեկ այլ առավելություն ծախսերի խնայողությունն է: Նման համակարգից մեկ կրակոցն մեկ դոլար է նստում՝ չհաշված սարքավորումների արժեքը, մինչդեռ յուրաքանչյուր միավոր հրթիռի գինը մի քանի միլիոն դոլարի է հասնում։

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի պես խոշոր գերտերությունները լազերային զենքեր են մշակում արդեն մի քանի տասնամյակ։ Այժմ նրանց շարքերը համալրել է Ավստրալիան։

Երկրի պաշտպանության նախարարությունը զեկուցել է իր առաջին «ճամպրուկի չափով» Fractl էներգետիկ զենքի նախատիպի հաջող փորձարկման մասին։ Նոր համակարգը, որը նման է մեծ գեոդեզիական լազերային սկաների և կշռում է գրեթե 50 կիլոգրամ, զինվորականները փորձարկել են Վիկտորիա նահանգի Պակապունյալ ռազմաբազայի տանկային ուսումնական հրաձգադաշտում։ Համակարգը բարեհաջող կերպով 500 մետր հեռավորության վրա հարվածել է անօդաչու թռչող սարքին։

Լազերը ստեղծած AIM Defense տեխնոլոգիական ընկերության ներկայացուցչը նշել է, որ Fractl-ը կարող է աշխատել ինչպես մարտկոցից, այնպես էլ ցանցից, միաժամանակ այն նախատեսված է տարբեր մոդիֆիկացիաների անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։ Համակարգը անչափ ճշգրիտ է և ի վիճակի է մեկ կիլոմետր հեռավորության վրա ոչնչացնել ավստրալիական ցենտի (23,6 միլիմետր տրամագծով) չափի և ժամում 100 կիլոմետր արագությամբ շարժվող թիրախները։ Բացի դրանից, Fractl-ն ունակ է 1,5 կիլոմետր հեռավորության վրա շարքից հանել  անօդաչու թռչող սարքի կրիտիկական կարևոր էլեկտրոնային բաղադրիչները:

Fractl-ի կառավարման համար պահանջվում է մեկ մարդ: Լազերը ճշգրիտ թիրախավորվում է ձեռքի կարգավորիչի միջոցով, որը օպերատորին հնարավորութուն է տալիս ընտրելու անօդաչու թռչող սարքի որ հատվածից խոցի՝ առավելագույն արդյունքի հասնելու համար:

«Սկզբում սեղմում եք առաջին կոճակը, և համակարգիչը սկսում է հետևել թիրախին, այնուհետև սեղմում եք երկրորդը՝ «ձգանը քաշելու» համար, ինչպես տեսախաղում: Կարող եք ցուցամատով արագորեն փոխել դրոնի՝ տեսադաշտում պահող տեսախցիկը, նրա կենտրոնական մասի կամ պտուտակներից մեկի վրա։ Ընդամենը մի քանի վայրկյան  կպահանջվի անօդաչու թռչող սարքի տեսախցիկը խափանելու համար, իսկ շարժիչները շարքից հանելու համար՝ ընդամենը 2-3 վայրկյան», - ըստ New Atlas-ի՝ պարզաբանել է փորձարկմանը մասնակցած Պատրիկ Ֆլենագանը:

Այս թիրախավորումը օպերատորին հնաիրավորություն է ընձեռում հարձակվել անօդաչու թռչող սարքի վրա վիրահատական ​​ճշգրտությամբ. լազերով կարելի է կտրել անօդաչու թռչող սարքի լարերը կամ ոչնչացնել դրա արկը, ինչպես նաև այրելով շամփրել այն: Ընդ որում, ըստ մշակողների մտահղացման, դրա համար շատ ավելի քիչ էներգիա կծախսվի, քան անհրաժեշտ է լինում էլեկտրական թեյնիկով ջուր եռացնելու համար։ Բացի դրանից, լազերը նախագծված է այնպես, որ վնաս չպատճառի մարդկանց, որոնց աչքով կարող է ընկնել ճառագայթի անդրադարձը:

Ավստրալիայի զինվորականները դեռ չեն հայտնել՝ հատկապես երբ է Fractl-ը ներգրավվելու սպառազինության մեջ: Սակայն նշել են, որ լազերային համակարգը հատկապես արդյունավետ կլինի փոքր, բազմառոտորային անօդաչու թռչող սարքերի դեմ, որոնք սովորաբար դժվար է հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ