News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Մենք վերջին շրջանում անընդհատ նշում ենք, որ ոստիկանական համակարգում բարեկարգումներ են տեղի ունեցել, ենթադրաբար հանցագործությունների, ողբերգական դեպքերի թիվը պետք է նվազեր, բայց մենք հակառակին ենք ականատես լինում: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ է վերջին շրջանում աճել հանցագործությունների թիվը:

«Մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, որը դեմ է բոլոր տեսակի օրինաչափություններին: Մենք շատ լավ գիտենք՝ ինչով է այսօր տարված ոստիկանությունը: Երկրի ներսում անհանգիստ է, կան ուժեր, որոնք ուզում են պահպանել երկիրը, թույլ չտալ, որ Հայաստանը կործանվի, և ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ ոստիկանական համակարգը ավելր շատ պաշտպանում է իշխանություններին ժողովրդից, թեև ըստ էության, դրա կարիքը չկա. ոչ ոք հարձակում չի կատարում որևէ անձի կամ շենքի վրա: Ամբողջ ոստիկանական համակարգը զբաղված է դրանով, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աչքաթող է արված այն ամենը, ինչի վրա պետք է կենտրոնացած լիներ ոստիկանությունը»,-ասում է հոգեբանը:

Նրա խոսքով, բոլորն էլ անզեն աչքով տեսնում են, որ եթե օրինակ հանրահավաք է Երևանում, Հայաստանի տարբեր մարզերից բերվում են ոստիկանական ուժեր, դա հանցագործությունների թվի աճի գործոններից մեկն է: Հոգեբանը նշում է, որ մյուսն էլ այն է, որ եթե ընդհանուր առմամբ երկրում չեն գործում օրենքները, մարդիկ տեսնում են, որ կարելի է ոտնատակ տալ օրենքները, շրջանցել սահմանադրությունը:

«Ինչ ուզում ենք, անում ենք, լավ եմ անում անում եմ. սրանք արտահայտություններ են, որ մենք ամեն քայլափոխի լսում ենք իշխանական համակարգի տարբեր օղակներից: Միջին վիճակագրական մարդը կրկնում է այն մոտեցնումները, պահվածքը, որ ունեն տվյալ երկրի իշխանությունները: Մարդու տրամաբանությունն այսպիսին է՝ եթե այդպիսի բարձր դիրքի հասած մարդը իրեն թույլ է տալիս անել այս քայլը, ես էլ կարող եմ անել: Այդ մեխանիզմի շնորհօվ մենք տեսնում ենք, որ միջին վիճակագրական մարդը իրեն թույլ է տալիս տարբեր տեսակի օրինախախտումներ, մինչև իսկ հանցագործություններ կատարել՝ ծանրագույն հետևանքներով»,-հավելում է Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանի խոսքով, մեր երկրում բացասական իրադարձություններն այնքան շատ են, որ ինչ-որ բաներ, որոնք մեզ մեկ կամ երկու ամիս առաջ ցնցել էին, այսօր մոռացվում են, որովհետև նոր իրադարձություններ են տեղի ունեցել:

«Մի քանի ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ, որ մեծ քանակությամբ թմրամիջոց է մտել Հայաստան: Այն ժամանակ նույնիսկ շատ լուրջ վերլուծաբաններ ասացին, որ մեր նկատմամբ հայտարարված այս հիբրիդային պատերազմը ունի նաև մեկ այլ բաղադրիչ՝ դա նարկոպատերազմն է: Չպետք է մոռանանք, որ այսօր գտնվում ենք նաև նարկոպատերազմի թիրախում, ես չգիտեմ՝ այդ հանցագործություններ կատարողները ինչի ազդեցության տակ են, գուցե նաև թմրամիջոցների: Այդ բոլոր գործոնները գալիս, միանում են և դառնում հանցագործությունների թվի աճի պատճառ,-ասում է նա:

Հոգեբանի խոսքով, ցանկացած մարդու մեջ ագրեսիվություն կա, սակայն կան մարդիկ, որոնց մեջ ագրեսիվության մակարդակը բարձր է, և եթե նրանք չվախենան օրենքից ու պատժվելուց, ամեն ինչ կարող են անել:

«Եթե մենք գիտենք, որ ամբողջ Հայաստանի ոստիկանությունը հավքված է մի կետում, մարդը, որ մի այլ անկյունում որոշել է հանցանք կատարել, հասկանում է, որ իր ձեռքներն ավելի ազատ են»,-հավելում է նա:

Կարնե Նալչաջյանի խոսքով, իրավական համակարգի առաքելությունը  այնպիսի միջավայր ստեղծելն է, որ հնարավորինս նվազեն հանցագործությունների դեպքերը, սակայն Հայաստանում, պատկերը այլ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ