News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական տեղեկատվական հարթակները ակտիվ տարածում են, թե ինչ-որ ադրբեջանական ծագման թուրք տիեզերագնաց տիեզերքում ծածանել է թուրքական և ադրբեջանական դրոշները: Այս «տիեզերական» աղմուկի ու հրճվանքի ֆոնին արժե հիշեցնել, որ Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում մոտ 200 օր եղել են դեռևս 2017-2018 թվականներին:

«2017 թ.-ին Ալմա Աթայի թանգարանում մեզ հպարտությամբ պատմում էին, որ այնտեղ գտնվող դրոշը Նուրսուլթան Նազարբաևի խնդրանքով եղել է տիեզերքում: Ու այդ պահին ինձ մոտ միտք առաջացավ՝ որքան լավ կլիներ, որ Հայաստանի և Երևանի դրոշները հայտնվեին տիեզերքում: Հանդիպումներ ունեցա, ծանոթացա տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ դրոշները փոխանցեցինք Օլեգ Գերմանիչին, նախքան այդ դրանք օրհնել էր Հայոց Հայրապետը:

Այդ դրոշները տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Անտոն Շկապլերովը ծածանեցին տիեզերքում: Ընդ որում, այդ տարին՝ 2018 թ.-ը, համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակի և Երևանի 2800-ամյակի հետ, և նրանք էլ տեսագրության միջոցով շնորհավորեցին երևանցիներին Երևանի տարեդարձի կապակցությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է սանկտպետերբուրգցի հայ բարերար Հրաչյա Պողոսյանը:

Որոշ ժամանակ հետո Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանում և մեր երկրի դրոշը հանդիսավորապես փոխանցում է երկրի վարչապետին: «Հույս ունեմ, որ այդ դրոշը գտնվում է Հայաստանի թանգարաններից մեկում, և այցելուներին ներկայացնում են դրա պատմությունը: Երևանի դրոշն էլ մի փոքր ավելի ուշ փոխանցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»:

Պողոսյանի խոսքով, մեր երկրի համար մեծ պատիվ է, որ Հայաստանի և Երևանի դրոշները ծածանվել են տիեզերքում: «Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստանում նշեց՝ հսկա պետություններն են երազում, որ իրենց դրոշը լինի տիեզերքում, բայց ամեն մեկին տրված չէ նման հնարավորություն: Շատ ուրախ եմ, որ մեզ համար եղբայրական պետության դրոշը հայտնվեց տիեզերքում: Նման քայլերը, իհարկե, խոսում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հարազատ մոտեցման մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ