News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Բաքվում ընթանալու են Նյուրնբերգյան դատավարություններ, որտեղ Արցախի նախկին ղեկավարությունը, զինծառայողները կամ այլ անձինք ենթարկվելու են պատասխանատվության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը խոսել էր Բաքվում ապօրինաբար կալանավորված քաղաքական գործիչների քրեական գործերի վերաբերյալ։ Նա հայտնել էր, որ քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են և առաջիկայում կուղարկվեն դատարան։

«Այդ դատավարություններից մենք մեծ սպասումներ չունենք։ Ելքը կանխորոշված է։ Դատական ակտերը արդեն իսկ կայացված են, բայց դատական համակարգից դուրս մենք գործ ունենք նախագահի աշխատակազմում ընդունված քաղաքական որոշումների հետ, և այդ հեռախոսային արդարադատությունը իր ցցուն արտահայտությունն է գտնելու։ Դատավարության ընթացքում հնչեցվելու են մտքեր, առաջ են քաշվելու տեսակետներ, որոնք անհրաժեշտ են ադրբեջանական նարատիվները հաստատելու համար, ընդ որում, դրանց հասցեատերն ինչպես հասարակությունը՝ ներքաղաքական խնդիրներից ելնելով, այնպես էլ միջազգային հանրությունը, որոնք հրամցվում է Արցախի հակամարտության առնչությամբ պրոադրբեջանական տեսակետը»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Նրա կարծիքով՝ հայկական կողմի ջանքերը պետք է միտված լինեն միջազգային ներկայություն ապահովելու համար․ «Այստեղ շատ կարևոր է դիվանագետների, միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայությունը, որպեսզի նրանք արձանագրեն տեղի ունեցող խախտումները, և արդեն իսկ ընթացող դատական գործընթացներում ներկայացվեն հավելյալ ապացույցներ, որոնք ցույց կտան դատավարությունների շինծու բնույթը։ Միջազգային դատական ատյաններն օգտագործելով պետք է հասնել այդ դատական ակտերի չեզոքացմանը, այսինքն՝ դրանք չպետք է միջազգայնորեն ընդունվեն դատարանների կողմից, քանի որ դրանք կայացվել են արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումներով, դրան պետք է հաջորդի միջազգային ատյանների կոչը՝ ազատ արձակել ապօրինի պահվող անձանց և պետք է համակցված քաղաքական դիվանագիտական ջանքեր գործադրվեն, որպեսզի կառույցների կոչերը կամ դատարանների իրավաբանորեն պարտադիր որոշումները կատարվեն»։

Սահակյանի խոսքով՝ Եվրոպական դատարանի աջակցությամբ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելը կարող է Բաքվի գործողությունները որոշակի առումով կանխել․ «Այդ միջոցները կիրառված են, սակայն Ադրբեջանը պարբերաբար խախտում է օրինակ՝ դատարանին տեղեկատվություն տրամադրելու ժամկետները կամ հաճախ այդ տեղեկատվությունը բովանդակալից չէ, այն ավելի շատ պարտականության ձևական կատարում է հիշեցնում, քան հաշվետվողականության ապահովում՝ անձանց պահման պայմանների և այլ հանգամանքների վերաբերյալ»։

Հարցին՝ արդյո՞ք բավարար են հայկական կողմի գործողությունները հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ, Սահակյանն ասաց․ «Ցավոք, ինքնուրույն բանակցություններ անձանց ազատ արձակելու առումով չեն ընթանում, և այնտեղ գտնվողների ճակատագիրը կախվածության մեջ է դրված «Խաղաղության օրակարգի» հանգուցալուծումներից։ Դա է նաև պատճառը, որ մենք բազմիցս վերահաստատում ենք, որ Ադրբեջանում գտնվող հայերը պատանդներ են, և մեծ հաշվով նրանք պահվում են այնքան ժամանակ, մինչև Բաքուն իր ցանկալի պայմաններում կհասնի իրավական բազմաթիվ փաստաթղթերի ստորագրման։ Սա Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու մի լծակ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ