News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդներն են Իրանի խորհրդարանի ներկայիս խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին և պատգամավոր Մասուդ Փեզեշկիանը։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Նա հավելել է, որ ի սկզբանե, երբ հայտնի դարձան վեց թեկնածուների անունները, ակնկալվում էր, որ հիմնական պայքարն ընթանալու է պահպանողական թևի երկու ներկայացուցիչների՝ Ղալիբաֆի և Ջալիլիի միջև։ Սակայն նախընտրական քարոզարշավի ընթացքում բարեփոխականների թևը ներկայացնող Պեզեշկիանը ևս սկսեց ակտիվությունցուցաբերել և նշանավոր դեմք դարձավ։

Ըստ փորձագետի՝ դրան նպաստել է այն, որ ռեֆորմիստական ​​թևը համախմբվել է նրա շուրջը և ակտիվ քարոզարշավ է անում։ Այսպիսով, Պեզեշկիանն ամրապնդում է իր դիրքերն ու մարտահրավեր է նետում և՛ Ղալիբաֆին, և՛ Ջալիլիին։

«Ըստ վերջին սոցհարցումների՝ Ղալիբաֆն առաջին հորիզոնականում է։ Սակայն ընտրազանգվածի այն հատվածը, որը տատանվում է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու միջև, Պեզեշկիանին առաջին հորիզոնական բերեց։ Հետևաբար, ռեֆորմիստները շեշտը դրեցին ընտրություններին առավելագույն թվով քաղաքացիների մասնակցության խթանման վրա, որպեսզի չկողմնորոշված ​​ընտրողները ևս մասնակցեն ընտրություններին և իրենց ձայներ ապահովեն։

Պեզեշկիանը երկրի ներքին կյանքի ու տարածաշրջանային խնդիրների մասին պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ թե՛ դրական, թե՛ բացասական առումով կարողացավ ուշադրություն հրավիրել իր վրա։

Միաժամանակ Իրանում պահպանողականներին կոչ է արվում համախմբվել և առաջադրել միասնական թեկնածու, ինչը կնպաստի հենց այդ թևի հնարավոր հաղթանակին։ Հակառակ դեպքում ձայները կբաժանվեն թեկնածուների միջև, և նրանցից ոչ մեկը չի հավաքի անհրաժեշտ թվով ձայներ, ինչը Պեզեշկիանի օգտին կլինի»,- նշել է փորձագետը։

Նա պարզաբանել է, որ պահպանողականների գլխավոր խնդիրը միասնական թեկնածուի առաջադրումն ու իրենց ռեսուրսների համախմբումն է։

Իրանագետը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը որոշվում է ոչ միայն նախագահի կամ կառավարության մակարդակով։ Հայաստանի մասին հայտարարություններ հնչեցին ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն առաջնորդի մակարդակով, որը անդրադարձավ նաև սահմանների անձեռնմխելիության թեմային։

«Այս քաղաքականությունը առաջ է քաշվում ամենաբարձր մակարդակով, ուստի նախագահի փոփոխությունը դժվար թե այս հարցում հանգեցնի լուրջ փոփոխությունների։

Եթե ​​երկու պահպանողականներից մեկը (Ղալիբաֆը կամ Ջալիլին) ընտրվի նախագահ, կշարունակվի նույն քաղաքականությունը, ինչ Ռաիսիի օրոք, որն հարևան, ինչպես նաև ասիական երկրների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն էր հռչակել։

Ընդ որում, ռեֆորմիստները սովորաբար ձգտում են բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և վերականգնել իրանական միջուկային գործարքը։

Ընդսմին, եթե նույնիսկ նախագահը ռեֆորմիստ լինի, օրենսդիր և դատական ​​իշխանությունը կշարունակի մնալ պահպանողականների ձեռքում, ուստի առանց պահպանողականների կարծիքը հաշվի առնելու՝ ռեֆորմիստների համար դժվար կլինի առաջ տանել սեփական քաղաքականությունը։

Պեզեշկիանի մասով վերապահում կա այն առումով, որ իր պատգամավորական գործունեության շրջանակում նա աչքի է ընկել իր հակահայ և ադրբեջանամետ հայտարարություններով։ Ուստի Իրանի նախագահի պաշտոնում նման թեկնածուի ընտրությունը Հայաստանի համար դժվար թե ցանկալի արդյունք ընկալվի, եթե անգամ նկատի ունենանք, որ արտաքին քաղաքականությունը միայն նախագահի ինստիտուտով չի որոշվում»,- եզրափակել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Իրանում ընտրությունները անցկացվելու են հունիսի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ