News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում կայունության և նույնիսկ բարեկեցության նոր դարաշրջան սկսելու բացառիկ հնարավորություն կա հիմա, թեև Ռուսաստանին դա դուր չի գա, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասաց Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նպատակներ ունի Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարցում։

«Ռուսաստանն այս տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտի։ Այն օգտագործում է սառեցված հակամարտությունները, լինի դա Աբխազիան՝ Վրաստանում, կամ Ղարաբաղը և դրա հարակից յոթ շրջանները, որպեսզի առավելագույնի հասցնի իր ազդեցությունը տարածաշրջանում»,- ասաց նա։

Լյուք Քոֆինը նշեց, որ այդպիսի մի օրինակ է հենց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Նրա խոսքով՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գործել որպես իսկական հարևաններ, համագործակցել, կարգավորել հարաբերությունները, խաղաղության հասնել ու բարգավաճել։ Սակայն այս ամենը, նրա խոսքով, սպառնալիք է տարածաշրջանում Ռուսաստանի ազդցությանը։

«Թեև Փաշինյանը՝ որպես հայ առաջնորդ և քաղաքական գործիչ շատ խիզախ է գործել, երբ ամեն ինչ մի փոքր հանդարտվի, Կրեմլը նրան թույլ չի տա այդպես հեշտությամբ խուսափել հետևանքներից։ Եվ ես մտավախություն ունեմ, որ Հայաստանը ստիպված է լինելու շատ դժվար ճանապարհ անցնել»,- ասաց նա։

Ըստ Լյուք Քոֆինի՝ ԱՄՆ-ը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի խրախուսի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, բոլորին հավաքի բանակցությունների սեղանի շուրջ, կարգավորի հարաբերությունները, քանի որ դա այս երկրների բնակչության շահերից է բխում։

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ունեցած դժվարությունների պատճառով Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է Հարավային Կովկասում և սա լավ հնարավորություն է ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար։

Ի պատասխան հարցի, թե արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանը ևս 2000-3000 զորք ուղարկի Հայաստան, որպեսզի իր կամքը թելադրի Հայաստանին, Լյուք Քոֆինն ասաց, որ պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը դեռ Հայաստանի անվտանգության երաշխավորն է, դեռ մի քանի հազար զինվոր ունի Հայաստանում, վերահսկում է Հայաստանի սահմանների մի մասը, Հայաստանի օդային տարածքն իր հերթին ինտեգրված է ՌԴ-ի օդային տարածքում՝ մշտադիտարկման, անվտանգության առումներով։

 

«Կարծում եմ, որ Հայաստանի, մասնավորապես Փաշինյանի նկատմամբ Ռուսաստանից եկող սպառնալիքներից շատերը կլինեն հիբրիդային բնույթի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ