News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքելու համար մի քանի խոչընդոտ կա և առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որում տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի նկատմամբ, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասաց Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան։

«ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այն Ղարաբաղը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ադրբեջանն ասում է՝ լավ, եթե մենք պատրաստվում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ապա անհրաժեշտ է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, առնվազն այն դրույթը, որը տարածքային հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանին։ Ո՞րն է երաշխիքը, որ մենք Հայաստանի հետ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և հաջորդը օրը Հայաստանի Սահմանադրական դատարանը չեղյալ չի համարի համաձայնագիրը՝ ասելով, որ այն հակասում է Սահմանադրությանը»,- ասաց նա։

Ջաֆարովան նշեց, որ թե Ադրբեջանը հասկանում է, որ Սահմանադրությունը փոխելը հեշտ չէ։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այս գարնանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունն անխուսափելի է, հայ հասարակությունը միասնական չէ այս հարցում։

«Մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունում այս հարցում ամեն ինչ հարթ չէ, դա որոշ ժամանակ կարող է պահանջել։ Այդուհանդերձ, բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմանադրական այս պահանջներից»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխարհում կան այդպիսի նախադեպեր, երբ սահմանադրական փոփոխություններից հետո հնարավոր է եղել հասնել խաղաղության։

Էսմիրա Ջաֆարովան նշեց, որ խաղաղության համաձայնագրի կնքման երկրորդ խոչընդոտը տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների ապաարգելափակումն է, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ըստ նրա՝ «միջանցք» եզրույթից խնդրի էությունը չի փոխվում, այն կարող է կոչվել «ճանապարհ» կամ կիրառվել այլ բառ, սակայն Հայաստանը 2020-ի եռակողմ համաձայնագրով պարտավորվել է երաշխավորել երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ» տեղաշարժը։

Ըստ նրա՝ մեկ այլ պատճառ է այն, որ Հայաստանը վերջերս բավական շատ սպառազինություններ է ձեռք բերում երրորդ կողմերից, մասնավորապես Հնդկաստանից և Ֆրանսիայից։ «Եվ ադրբեջանական կողմում բնական հարց է ծագում՝ ո՞ւմ դեմ է Ֆրանսիան զինում Հայաստանին, ո՞ւմ դեմ են այդ սպառազինությունները կուտակվում։ Այն ստեղծում է մի իրավիճակ, երբ Հարավային Կովկասը սպառազինությունների մրցավազքի տարածքի է վերածվում՝ խաղաղ գործընթացների վրա կենտրոնանալու և խաղաղության համաձայնագիրը կնքելու փոխարեն»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ