Ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցեր անող խաղաղ պպայմաններում զոհված զինվորների ծնողները պահանջում են պաշտպանության նախարարին փոխել ողբերգական դեպքերի ձեւակերպումները եւ ինքնասպանությունները վերաորակել որպես սպանություն:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ծնողների այս պահանջին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասել է. «Այդ որակումները իրենց մեջ պարունակում են իրավական փաստեր եւ այդ որակումները ցանկացած նախնական հետազոտման տվյալների արդյունք է, որը քրեական գործի ընթացքում կարող է այս կամ այն կերպ փոխվել»: Նախարարը նաեւ նշել է, որ հրամանատարական կազմը այսօր այն կառույցն է, որ ամենալավն է տիրապետում, թե բանակում ինչ է կատարվում եւ ինչպես պետք է պայքարել վատ երեւույթների դեմ:
«Մենք օգտագործում ենք մեր հրամանատարական կազմի տեղեկությունները, բոլոր խավերի օգնությունները, հասարակական կազմակերպությունների առաջարկները: Բանակի հրամանատարությունը այսօր այն կառույցն է, որը որ ամենալավն է տիրապետում՝ բանակում ինչ է կատարվում եւ ինչպես պետք է պայքարել դրանց դեմ»,- ասել է նախարարը, ապա ավելացրել. «Հարցը պետք է տալ իրավապահ մարմիններին, զինվորական դատախազը այսօր նորմալ աշխատում է լիարժեք տեղեկություններ ունի, մենք համատեղ աշխատում ենք նման գործերի ճիշտ բացահայտման ուղղությամբ, նման գործերի ճիշտ բացահայտումը օգնում է կարգապահության ամրապնդմանը եւ այն երեւույթների բացահայտմանը, որոնք այսօր կան»: