News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Հայերի ոչնչացումը թուրք հասարակության գիտակցության մեջ շատ ավելի խորը հետք է թողել, քան Անգլիայի, Ֆրանսիայի կամ Նիդեռլանդների նմանտիպ հանցագործությունները գաղութներում: «Բրիտանացիների համար հնդկացիները աշխարհի մյուս ծայրին բնակվող մարդիկ էին: Ինչ վերաբերում է մեզ, ապա հայերը մեր հարեւաններն էին, ովքեր ապրում էին մեզ հետ կողք կողքի»,-գրում է «Today’s Zaman»-ի հեղինակ Օրհան Քեմալ Չենգիզը, որի հոդվածը NEWS.am-ը ներկայացնում է  որոշակի կրճատումներով:

«Մյուս պատճառը ժամանակակից թուրքական ինքնագիտակցության մեջ է թաքնված: Այստեղ կան ուրիշ, ավելի ցավոտ գործոններ, որոնցից մի քանիսը նշում են Թաներ Աքչամն ու այլ պատմաբաններ: Դրանցից մի քանիսը, որոնք էական դեր են ունեցել հայերի կոտորածների համար, ժամանակակից հանրապետության ակունքների մոտ են կանգնած: Հայացք նետելով անցյալին, մենք կարող ենք կորցնել մեր «հերոսներին»` հիմնադիրներին, որոնք վերածվում են մարդասպանների:

Հիմա ակնհայտ է, որ մենք Թուրքիայում մեր ինքնագիտակցությունը կառուցել ենք ժխտման վրա: Այդ փաստի գիտակցումը միանգամից  շատ բան է պարզում:

Այսօր թուրքական հանրության մեջ ամենագլխավոր թեմաներից մեկը` անցյալի հետ առերեսվելու հնարավության բացթողումն է: Մամուլում քննարկվում են փաստաթղթեր, համաձայն որոնց Աթաթուրքն ու նրա մերձավոր զինվորական շրջապատն անձամբ են Դերսիմի ջարդերի մասին կարգադրություններ տվել: Դա կատարվում է այն բանի համար, որ կառավարող կուսակացությունը կարծում է, թե  Դերսիմի իրադարձությունների համար կոնկրետ քաղաքական ուժ է մեղավոր: Սակայն այդ նույն կառավարությունն ի վիճակի չէ մոտենալ 1915թ. իրադարձություններին: Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ Դերսիմը եղել է ընդամենը «հարցի լուծման» այնպիսի մոտեցման կրկնություն, որը մենք տեսել էինք 1915թ-ին:

Դերսիմի ապստամբության ժամանակ իշխանության էր Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Իհարկե, քանի որ ԺՀԿ-ն է եղել իշխանության, պատմության հետ նրա հաշիվներն ավելի մեծ են: Սակայն պատմության հետ թուրք հանրության առերեսումը կախված է նրանից, թե ինչ չափով անցյալը կբացահայտվի:

Էրդողանը ներողություն է խնդրել Դերսիմի ջարդերի համար:  Սակայն կարո՞ղ ենք արդյոք խոսել մեր անցյալի նկատմամբ իրական վերաբերմունքի մասին` չշոշափելով 1915թ. իրադարձությունների թեման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ