News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար 20 տարվա ընթացքում պահպանել այն խումբը, որով ի սկզբանե նրանք դարձել են շահառու և սահմանվել է հատուցման չափ՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում հաշմանդամության խմբի ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մարտական գործողությունների ընթացքում ստացված վիրավորումից հետագայում մահվան դեպքերի հատուցման ժամկետ էր սահմանված հինգ տարի, որը եւս նախագծով առաջարկվել է հանել:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, կարևորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ սա պետության հստակ մոտեցումն ու դիրքորոշումն է իր զինվորի նկատմամբ: Հարցի վերաբերյալ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ: Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվել է, թե քանի շահառու ունեն:

«Զինապահ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տաթևիկ Յաղջյանը տեղեկացրել է, որ փոփոխության հետ կապված՝ ներկայում ունեն մոտավորապես 300 շահառու:

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարևորել է առաջարկվող փոփոխության վերաբերյալ իրազեկվածությունը: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկել է նախագիծը քննարկել անհետաձգելի ռեժիմով:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ