News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրյուսելում, այսօր`նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ նախագահությունը ներկայացնող Լեհաստանի ԱԳ պետքարտուղար Միկոլայ Դովգիլեւիչը եւ Եվրահանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նիստին ամփոփվել են այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ է արվել հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերին:

Լեհաստանի արտաքին գործերի պետքարտուղար Միկոլայ Դովգիլիեւչը եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր են գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը:

ԱԳՆ ղեկավարը կարեւորել է Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Խորհրդի նիստի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասոցացման համաձայնագրի կնքման նպատակով վարվող բանակցությունների, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի, համագործակցության խորհրդարանական ձեւաչափերի  շուրջ:

Կողմերը քննարկել են հաջորդ տարվա առաջին կեսին Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի հնարավորությունը:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանն ավարտել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները եւ համապատասխան քայլեր է սպասում Եվրոպական կողմից:  Միկոլայ Դովգիլեւչը հավատացրել է, որ մինչեւ լեհական նախագահության ավարտը Եվրահանձնաժողովի  կողմից մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի տրված մանդատը կհաստատվի Եվրոպական խորհրդի կողմից:

Խորհրդի նիստին հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի, Միկոլայ Դովգիլեւիչի եւ Շտեֆան Ֆյուլեի համատեղ ճեպազրույցը լրագրողների հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ