News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ նոյեմբերի 26-ին Վիլնյուսում տեղի է ունեցել Լիտվայում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները եւ Լիտվայում Հայաստանի դեսպանը:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձին Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը: Նախարարը Նալբանդյանը մասնավորապես ասաց. «Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցը եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն»։

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նաեւ լիտվահայ համայնքին դեսպանության բացման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ լիտվահայությունը նոր եռանդով կնպաստի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը ։

Իր խոսքում Լիտվայի արտգործնախարարը, հիշատակելով հայ-լիտվական պատմական առնչությունները, նշեց, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում, եւ Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը: 

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը բարձրացրեց ՀՀ պետական դրոշը: Այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով Ստեփանյանը կատարեց դեսպանատան օծման կարգը:

Այնուհետեւ Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները բացեցին ՀՀ դեսպանության ցուցատախտակը, որով ազդարարվեց դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումը:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Լիտվայի արտգործնախարարը նշեց, որ ինքը ուրախ է Վիլնյուսում հանդիպել իր հայաստանցի գործընկերոջը` ՀՀ դեսպանության պաշտոնական բացման կապակցությամբ:

Արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր՝  առեւտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական համագործակցություն:

Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ ընթացիկ լիտվական նախագահության շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք նախարարական խորհրդի հանդիպմանն առնչվող հարցեր: Աուդրոնիուս Աժուբալիսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ԵԱՀԿ գործունեության մեջ` առանձնահատուկ ընդգծելով ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության կառույցներում: 

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաջորդ շաբաթ կայանալիք Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությունից առաջարկները:  

Կողմերն անդրադարձան նաեւ միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցության հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ