Իրանի պահապանների խորհուրդը նոյեմբերի 28 -ին հավանության է արժանացրել  Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները  ժամանակավոր հավատարմատարների մակարդակ իջեցնելու վերաբերյալ օրինագիծը:  Մեկ օր առաջ  օրինագիծն ընդունվել էր խորհրդարանի կողմից:

Խորհրդի հավանությանն արժանանալուց հետո օրենքն ուժի մեջ է մտել, եւ Իրանի արտգործնախարարությունը պետք է  ի կատար ածի այն` երկու շաբաթվա ընթացքում ետ ուղարկելով Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլկոտին:

Բացի այդ, երկու շաբաթվա ընթացում  երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները պետք է հասցվեն նվազագույնի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը:

Բոլոր այս միջոցառումները Իրանի պատասխան քայլերն են իր նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի կողմից այս տարվա սեպտեմբերին սահմանված նոր պատժամիջոցների:  Մեծ Բրիտանիան գրոհի օբյեկտ է ընտրվել այն պատճառով, որ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ  կանադական դեսպանատուն էլ արդեն իսկ  գլխավորում է ժամանակավոր հավատարմատարը:

Լոնդոնն արդեն հայտարարել է, որ ափսոսում է Թեհրանի կողմից նման որոշման համար եւ խոստացել է իրանական դեմարշին պատասխանել «ողջ վճռականությամբ»: