«Մոբայլ Սենթր» ընկերությունը հայտնվել էր խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին հորիզոնականում, որովհետեւ ավելացված արժեքի հարկով մուտքեր ունի, բայց ԱԱՀ-ն պետական բյուջեից վերադարձվող կամ հաշվանցվող հարկատեսակ է. այսինքն իրենք ներմուծումն անում են, ԱԱՀ-ն վճարում են, հետո երբ վաճառում են ապրանքը արտահանող մեկ այլ սուբյեկտի, եւ այդ գումարը վերադարձվում է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով, ամբողջ շղթան տեսնելու դեպքում այդ ընկերությունը այդտեղ չէր հայտնվի. «Մեր մեղքն այնքանով է, որ այն մեթոդաբանությունը, որ մենք հրապարակում ենք, չենք փոփոխում: բայց փոփոխելու դեպքում էլ, մեկ է, այդպիսի տարընկալումներ լինելու են: Դրա համար հատուկ նշել ենք, որ եթե այդպիսի իրավիճակներ են լինում, դիմեք, մենք պարզաբանում կտանք»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ «Մոբայլ Սենթրը» իր վճարած հարկերով որեւէ կերպ համադրելի չէ, օրինակ, ԶՊՄԿ-ի կամ այլ խոշոր ընկերությունների հետ:
Հարցին՝ «Մոբայլ Սենթրը» խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել զուտ վերարտահանումների շնորհի՞վ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ինքը ունի թե ներմուծումներ Հայաստանի շուկայի համար, թե վերարտահանումներ»:
Հիշեցնենք, որ «Մոբայլ Սենթր» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել էր խոշոր հարկատունրի ցանկի առաջին տեղում, իսկ կիսամյակի տվյալներով երկրորդ տեղում է: