Պարզ է, որ Միջին Արևելքը գնում է դեպի մեծ պատերազմ. Պարզ է, որ Համասի հարձակումից և դրան հաջորդած Իսրայելի կազմակերպած ցեղասպանությունից հետո դա տարածվելու էր: Եվ հիմա ներքաշվում են Իրանը, Լիբանանը, Եմենը, Իսրայելը, խմբեր Իրաքից, Սիրիայից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը:
«Մեզ համար դա նշանակում է, որ Իսրայելն ու Ադրբեջանը էլ ավելի սերտ կհամագործակցեն մեր տարածաշրջանում, որպեսզի Ադրբեջանն օգտագործվի որպես հարթակ՝ Իրանի վրա ռազմական ճնշում գործադրելու համար: Նշանակում է, որ Հայաստանի վրա ճնշում է գործադրվելու, որպեսզի բացվի այդ միջանցքը, Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի ազատ ձեւով կարողանան տեղափոխել ռազմական բեռները: Արեւմուտքին կասեն՝ դա անհրաժեշտ է Իրանի դեմ պայքարելու համար եւ մեր վրայով կանցնե, ինչպես միշտ:
Սա լինելու է ի շահ Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ բերելու է մեր տարածաշրջանում Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիրքերի ուժեղացմանը»,-ասաց նա:
Խաչիկյանի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան այս վիճակն օգտագործելով Արեւմուտքից կստանան որոշակի զիջումներ ու դարձյալ մեր հաշվին: «Նույն ձեւով Թուրքիան ռուսներից ստացավ զիջումներ մեր հշվին: Երկու կողմն էլ հիանալի ձեւով խաղում են դիվանագիտական այս խաղը, միայն մենք ունենք այս անմեղսունակ, միամիտ, երեխայական կառավարությունը, որը ամեն ինչ տապալում է 6-րդ տարին:
Մենք գնում ենք դեպի մեծ պատերազմ մեր տարածաշրջանում»,- ընդգծեց միջազգայնագետը: