Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, բողոք է ներկայացրել իր դեմ հետաքննություն սկսած Մադրիդի դատավորի դեմ։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Ըստ գործակալության տեղեկության, վարչապետի կինը կարծում է, որ դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն «կամայական և ակնհայտ անարդար» որոշումներ է կայացրել։ Այդ կապակցությամբ Գոմեսը նրան մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու մեջ։ Ավելի վաղ Պեյնադոյի դեմ բողոք էր ներկայացրել նաև Իսպանիայի վարչապետը։
Ապրիլին դատավորը հայտարարել էր Սանչեսի կնոջ նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ բիզնեսում կոռուպցիայի և կապերի շահագործման կասկածանքով։ Բողոքը ներկայացրել էր «Մաքուր ձեռքեր» սինդիկատը, որն ընդունել է, որ իր կասկածները հիմնված են եղել մամուլի հրապարակումների վրա։ Ըստ El Confidencial թերթի, գործը վերաբերում է մի քանի մասնավոր ընկերությունների հետ Գոմեսի հարաբերություններին, որոնք միջոցներ և պետական պայմանագրեր են ստացել կառավարությունից: Դատախազությունը միջնորդել է կարճել գործը։
Հետաքննությունը սկսելուց հետո վարչապետը ժամանակավորապես չեղարկել էր իր հանրային միջոցառումները, որպեսզի մտածի, թե, արդյո՞ք, մնալու է իր պաշտոնում: Սանչեսը Գոմեսի դեմ աննախադեպ հարձակումների համար մեղադրել է Իսպանիայի աջ և ծայրահեղ աջ քաղաքական ուժերին։ Այնուհետև վարչապետը հրաժարվել է հրաժարական տալուց։