News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կարող են արգելափակվել Android և iOS օպերացիոն համակարգերը, RuNews24-ին է հայտնել Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Դիդենկոն՝ մեկնաբանելով YouTube-ի դանդաղեցումը։

«Դա տեղի կունենա ոչ մեր նախաձեռնությամբ։ Քաղծառայողներին և պաշտոնյաներին վաղուց արգելված է օգտագործել այդ հարթակները, հատկապես նրանց, ովքեր գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեն: Դա առաջին ակնարկն էր, որ պետք է անցնել այլ հարթակների»,- ասել է նա։

Պատգամավորը նաև կոչ է արել ռուսաստանցիներին «ողբերգություն» չսարքել իրադարձությունների այս զարգացումից։ Նա հիշեցրել է ֆիլմերի և սերիալների ամերիկյան Netflix ծառայության հեռանալը երկրից՝ նշելով, որ, ի վերջո, բոլորը համակերպվեցին դրա հետ։

Ըստ Դիդենկոյի, Google-ը «խիստ կողմնակալ և քաղաքականացված հարթակ է», որը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ, ուստի դրան պետք է վերաբերվել որպես «թշնամու շահերը ներկայացնող հարթակի»։

Այն դիտարկմանը, որ ամերիկյան կորպորացիային պատկանող YouTube վիդեոհոսթինգը շատ օգտակար բովանդակություն ունի, որից կարելի է բոլորովին անվճար նոր գիտելիքներ ստանալ, պատգամավորը պատասխանել է, որ նման տեսանյութերը կարելի է տեղափոխել հայրենական հարթակներ։ Ըստ նրա, դրա համար կպահանջվի «առավելագույնը մեկ-երկու օր»։

Ավելի ուշ Դիդենկոն այլ լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է, որ իր ասածն ընդամենը ենթադրություն է։ «Ինչ-որ որոշման մասին ես չգիտեմ, բայց նման հեռանկար կա։ Այսինքն՝ անգամ որեւէ օրենք ընդունելու կարիք չկա։ Եթե ​​խախտեն, կստանան որոշակի պատժամիջոցներ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ «հեռանկարն ակնհայտ է»։

Բացի դրանից, Դիդենկոն նշել է, որ, ամենայն հավանականությամբ, ամերիկյան ընկերությունները «կանգ չեն առնի» YouTube հարթակի դանդաղեցման վրա և կսկսեն օգտագործել իրենց հասանելի բոլոր հարթակները։ «Հետևաբար, iOS-ի ժամանակը կգա, քանի որ նրանք կարող են շատ հեռուն գնալ իրենց կատաղության մեջ»,- նշել է Դիդենկոն։

«Անվտանգ ինտերնետի լիգայի» ղեկավար Եկատերինա Միզուլինան արձագանքել է Դիդենկոյի հայտարարությանը` այն անվանելով «չափն անցած»: «Ինչի՞ց  պետք է օգտվենք, եթե ռուսաստանցիների մեծ մասն ունի Android սմարթֆոններ»,- հարցրել է նա։

Անցյալ շաբաթ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել էր, որ YouTube-ը Ռուսաստանում կդանդաղի։ Ավելի ուշ նա պարզաբանել է իր խոսքը՝ նշելով, որ ամերիկյան վիդեոհոսթինգ ծառայությունը չի կարողանում վճարել ռուսաստանյան տվյալների կենտրոնների ծառայությունների համար։ Օգոստոսի 1-2-ը 15 հազար ռուսաստանցիներ բողոքել են YouTube-ի դանդաղումից։

Կրեմլը պնդում է, որ չի պատրաստվում սահմանափակել հարթակի աշխատանքը, և խնդիրները վերագրում է Google-ի տեղական սարքավորումների հնացածությանը, որը լքել է Ռուսաստանը Ուկրաինա ներխուժումից հետո: «Շուկայից դուրս գալն ունի իր տեխնոլոգիական հետևանքները»,- ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նմանատիպ պարզաբանում է տվել «Ռոսկոմնադզորը»՝ վստահեցնելով, որ մեղավորը Google-ի սարքավորումների մաշվածությունն է։ Սակայն ՏՏ մասնագետները պարզել են, որ YouTube-ից տեսանյութեր ներբեռնելու ներկայիս խնդիրները կապված չեն դրա հետ, այլ այն բանի հետ, որ իշխանությունները միտումնավոր դանդաղեցնում են googlevideo.com դոմենը, որտեղից տարածվում է տեսանյութը։ Ավելի ուշ Google-ն ինքը հաստատել է, որ կապ չունի հոսթինգի աշխատանքի զանգվածային խափանումների հետ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ