Օգոստոսի 1-ին Ստամբուլում ջրարկվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար Թուրքիայում կառուցված ռազմանավը։ RMK Marine նավաշինարանից ռազմանավի ջրարկման արարողությանը մասնակցել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապան, նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, Թուրքիայի Մեջլիսի նախագահ Մուստաֆա Ջեմիլևը և «Բայքար Հալուք Բայրաքթար» թուրքական պաշտպանական ընկերության սեփականատերը։
Ada դասի «Հետման Իվան Վիգովսկի» հետախուզական ռազմանավն իր առաջին նավարկությունը կիրականացնի 2026 թվականին։ Նավը պետք է պատվիրատուին հանձնվի 2027 թվականի առաջին եռամսյակում։
2022 թվականի հոկտեմբերին նույնպես Ստամբուլում ջրարկվեց նմանատիպ դասի առաջին «Հետման Իվան Մազեպա» հետախուզական ռազմանավը, որը պետք է դառնա ուկրաինական նավատորմի դրոշակակիրը։ Այս գարնանը ռազմանավը փորձարկվել է։
Ada դասի ուկրաինական ռազմանավերի ջրատարողությունը գերազանցում է 2400 տոննան, առավելագույն արագությունը՝ 29 հանգույց է, իսկ նավարկության հեռավորությունը՝ 3500 մղոն։ Ամբողջական անձնակազմը՝ 106 մարդ։ Ռազմանմավերը զինված են իտալական արտադրության 76 մմ-անոց Super Rapid ռազմածովային հրետանային կայանքով, 12,7 մմ-անոց հեռակառավարվող STAMP կայանքներով և «Harpoon» հականավային հրթիռներով։ Նավերն ունեն նաև ուղղաթիռի համար նախատեսված անգար և հետևյալ համակարգերը՝ կրակի կառավարում, տորպեդային հարձակումներից, ռադիոէլեկտրոնային պայքարից, արբանյակային կապից և դիպոլային խաթարումներից պաշտպանվելու միջոցներ։ Բացի այդ, նման նավերն օժտված են մարտավարական նավիգացիոն և օդային թիրախներ հայտնաբերելու ռադարներով։