Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է չնպաստել հրեական պետության եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման պոտենցիալ գործարքին մինչեւ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները։ Այսպիսի հավաստիացմամբ է հանդես եկել իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը՝ չնշելով աղբյուրները։
Նրա տեղեկացմամբ՝ Նեթանյահուն որոշել է, որ առայժմ չի աջակցելու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը Միացյալ Նահանգներում քաղաքական իրավիճակի, նախագահ Ջո Բայդենի հետ կապված տարաձայնությունների, ինչպես նաեւ Գազայի հատվածում Էր Ռիադի հրադադարի պահանջի պատճառով։
Ամռան սկզբին The Wall Street Journal թերթը, հղում կատարելով պաշտոնյաներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան մոտ են պաշտպանական պակտի կնքմանը, բայց այդ ջանքերի հաջողությունը կախված է պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների դադարեցումից։ Ապրիլի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ակտիվորեն աշխատում է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մեկ ամիս անց նա հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Էր Ռիադը կարող են առաջիկա շաբաթներին ավարտել հրեական պետության հետ կապերի կարգավորման գործարքի իրենց մասը։
Մինչեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրումը Իսրայելի իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ ձգտում են կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ 2023թ. սեպտեմբերին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ Գերագույն վեհաժողովում, հայտնել էր, որ կողմերն ավելի մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Այդ ժամանակ էլ նման հայտարարություն հնչեց Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուահմեդ բեն Սալման Ալ-Սաուդի Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։