Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնող խումբը պահանջել է Եվրահանձնաժողովից դադարեցնել Հունգարիայի մասնակցությունը Շենգենյան գոտում։ Այս մասին գրել է Politico պարբերականը։
Լրագրողները պատմել են, որ համապատասխան նամակը ստորագրել են 70 օրենսդիրներ։ Դրանից հետո Չեխիայի եւ Լատվիայի պատգամավորներ Դանուշե Ներուդովան եւ Պյատրաս Աուշտրյավիչուսը փաստաթուղթն ուղարկել են ԵՀ։
Տեքստում խնդրվում է շտապ միջոցներ ձեռնարկել ութ երկրների քաղաքացիների հանդեպ վիզային պահանջների թուլացման մասին Բուդապեշտի որոշման հետաքննության վերաբերյալ։ Այդ թվում դա վերաբերում է ՌԴ-ին եւ Բելառուսին։
Խորհրդարանականների կարծիքով՝ Հունգարիայի իշխանությունների գործողությունները «կարող են սպառնալիքի տակ դնել» Շենգենյան գոտու դերը որպես «անվտանգ տարածք» դրա մեջ մտնող պետությունների բնակիչների համար։ Նամակի հեղինակներն ընդգծել են, որ իր քաղաքականության վերանայումից Բուդապեշտի հրաժարման դեպքում Եվրամիության անդամները պետք է կասկածի տակ առնեն հանրապետության ներկայությունը Շենգենյան գոտում։
Փաստաթղթում առաջարկվում է վերահսկողություն սահմանել Հունգարիայի հետ սահմաններին եւ հրաժարվել նրա տված վիզաների ճանաչումից։
Հուլիսի վերջին Բուդապեշտը ռուսաստանցիների, բելառուսների եւ վեց երկրների քաղաքացիների համար վիզաների ձեւակերպման արագացված համակարգ էր մտցրել։ Նոր կանոններով հանրապետություն մուտքի համար նրանք այլեւս անվտանգության ստուգում չպետք է անցնեին։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը Հունգարիայի որոշումն անվանել էր ժամանակավրեպ։