Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել անկարգությունների պատճառով եւ հեռացել է երկրից, տեղեկացրել է News18 հեռուստաալիքը X սոցցանցում։
«Հասինան հրաժարական է տվել։ Նա կարող է թողնել երկիրը եւ մեկնել Ֆինլանդիա»,- ասված է գրառման մեջ։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ Շեյխ Հասինան եւ նրա քույրը հեռացել են Գանաբհաբան պալատից եւ մեկնել ավելի անվտանգ տեղ։ Հազարավոր ցուցարարներ ներխուժել են վարչապետի նստավայր։
Շեյխ Հասինայի հրաժարականի մասին տեղեկությունը հաստատել են «Ռոյթըր» գործակալության աղբյուրները բանակում։ News18-ի տեղեկացմամբ՝ վարչապետը մեկնել է հնդկական Ագարթալա քաղաք։
Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատար Վակեր-Ուզ-Զամանը հայտնել է, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձեւավորվի։
Զանգվածային ցույցերը պետական պաշտոնների քվոտաների համակարգի դեմ Բանգլադեշում շարունակվում են արդեն մի քանի շաբաթ եւ սաստկացել են նախօրեին, այն բանից հետո, երբ «Ուսանողական շարժում խտրականության դեմ» կազմակերպությունը հայտարարեց բազմօրյա ակցիայի մասին իշխանությունների դեմ։ Ուսանողների եւ կառավարության կողմնակիցների բախումները վերածվեցին անկարգությունների, որոնց ժամանակ զոհվեց մոտ 300 մարդ։
Կառավարությունը Դաքայում եւ այլ քաղաքներում պարետային ժամ է մտցրել, օգոստոսի 5-7-ը երկրում հայտարարված են հանգստյան օրեր։