Լայնածավալ պատերազմի ռիսկերը շատ մեծ են, և Միացյալ Նահանգները պետք է զսպի Իսրայելին Իրանի պատասխանից հետո որևէ քայլ ձեռնարկելուց։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Պույա Հոսեյնին։
«Հակառակ դեպքում Իրանը դիմադրության ուժերի օգնությամբ կարող է լայնածավալ հարձակման դիմել բազմաթիվ ճակատներով։ Հարձակում է կատարվել Իրանի տարածքային ամբողջականության վրա, և Թեհրանն արդեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, իրավունք ունի արձագանքել դրան»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է հասկանա, որ նման գործողությունները (Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը – խմբ.) անպատասխան չեն մնա։
«Միևնույն ժամանակ, հարձակման սպասելու ռեժիմը Իրանին թույլ է տալիս վախի մեջ պահել Իսրայելին, որն ամեն րոպե հարձակման է սպասում: Սա հոգեբանական ճնշում է գործադրում Թել Ավիվի վրա: Այս մեթոդը կիրառվել է նաև նախորդ անգամ։ Բայց եթե այն ժամանակ արձակվեր մոտ 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք, ապա այս անգամ հարձակումներն ավելի մեծ կլինեն և ոչ միայն Իրանից, այլև Լիբանանից, Սիրիայից, Իրաքից և Եմենից։ Դիմադրության ուժերը հարձակվելու են միաժամանակ», - ասել է Հոսեյնին:
Նա հավելել է, որ Իրանը նախորդ անգամ պարզել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի թույլ կողմերը, և այս անգամ պատրաստվել է հզոր հարված հասցնել Իսրայելին։
Փորձագետը հիշեցրել է, որ Իսրայելը որոշել է սպանել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին հրեական պետության վարչապետ Նեթանյահուի ԱՄՆ կատարած այցից հետո։
«Միևնույն ժամանակ, Իսրայելը դա արեց ոչ թե Կատարում, որտեղ նա ապրում է, այլ Թեհրանում, որպեսզի Իրանը և ողջ տարածաշրջանը ներքաշի մեծ պատերազմի մեջ»,– ասաց քաղաքագետը։
Նա կարծում է, որ Թուրքիան ուղղակիորեն չի միանա հակաիրանական կոալիցիային պատերազմի դեպքում, մինչդեռ Անկարան դեռ փորձում է պայքարել մահմեդական աշխարհում առաջնորդի համար, թեև հայտնի է, որ Թուրքիան համագործակցում է Իսրայելի հետ և կեղծ հայտարարություններ է անում։