Հուսով եմ, որ թշնամության և բռնության էջը վերջնականապես կշրջվի մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բնակչության բոլոր շերտերի, այդ թվում՝ ղարաբաղահայության։ ԵՄ-ն շատ հստակ է արտահայտվել այս հարցի շուրջ. ղարաբաղցի հայերի վերադարձի հարցը լինելու է կարգավորման գործընթացի մաս։ Ակնկալում եմ, որ Բաքվի և նրանց (ղարաբաղահայերի - խմբ.) միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Այս մասին jam-news.net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով շուտով կլքի իր պաշտոնը։
«Ադրբեջանն այս առումով պարտավորություններ ունի, ինչը, ինձ թվում է, չի հերքում։
Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքով երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքեր չունենալ, հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:
Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։
Սակայն սա բոլորովին այլ հարց է, քան կոնկրետ ղարաբաղցի հայերի հարցը։
Ես խորապես համոզված եմ, որ բոլոր բանտարկյալների ազատ արձակումը, անհայտ կորածների ծանր վիճակում գտնվող բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև ականազերծման աշխատանքները վճռորոշ տարրեր են տեւական խաղաղության և վերջապես թշնամության ու բռնության էջը շրջելու համար։
Եվ ես տխուր եմ, որ մենք դեռ չենք կարողացել առաջ գնալ այս հարցերում: Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ իրավահաջորդի համար։
Մինչև 2020 թվականի պատերազմը ԵՄ-ն շատ ավելի քիչ նշանակալի դեր էր խաղում։ Մեր խնդիրն էր հիմնականում աջակցել հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին։
2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն, հիմնականում կողմերի խնդրանքով, սկսեց ավելի ակնառու դեր խաղալ, որն ավարտվեց նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի բարձր մակարդակի եռակողմ հանդիպումներով։
Խաղաղություն հաստատելու ջանքերը պետք է ներառեն մարդկանց միջև վստահության և հաշտության ձևավորումը: ԵՄ-ն երկար տարիներ աջակցում է նման գործողություններին՝ օգնելու իրական աշխարհում ստեղծել բարեկամական միջավայր: