Չեմ բացառում, որ Ադրբեջանին ինչ-որ բան զիջելու համար ինչ-որ փուլում պայմանավորված պատերազմի բռնկվի։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիքի հավանականությունը մեծ է համարում։ Շարմազանովը չի բացառել նաև, որ Փաշինյանը երևի տարբեր ուժերի տարբեր բաներ կխոստանա՝ հանուն իր իշխանության պահպանման:
«Մենք գործ ունենք ոչ թե մի գործընթացի հետ, որը պետք է հանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլ Հայաստանի թուրքացման գործընթացի հետ։
2020 թվականից հետո Թուրքիայի դերը տարածաշրջանում մեծացել է, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների ջանքերով։ Թուրքիայի իշխանությունները բազմից ասել են, որ Երևանը պետք է ընդունի Բաքվի բոլոր պայմանները, որը խոսում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, նրան միջանցք տրամադրելու և Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու պահանջի մասին։ Միաժամանակ Ադրբեջանը ասում է, որ Հայաստանի բռնազավթված տարածքներից իր զորքերը դուրս չի բերի։
Որտե՞ղ է այստեղ Ադրբեջանի փոխզիջումը։ Սա խաղաղության պայմանագիր չէ, այլ կապիտուլացիայի փաստաթուղթ»,- նշել է քաղաքական գործիչը։ Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանին խաղաղ պայմանագիր պետք չէ։
«Նրա ինչի՞ն է պետք այդ պայմանագիրը, եթե նա երկնային մանանա է ստացել ի դեմս Փաշինյանի, որը հանձնում է այն ամենը, ինչ Բաքուն է ուզում։ Անգամ առանց հաշտության պայմանագրի նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Ադրբեջանին հանձնեց Տավուշի 4 գյուղ ու Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը։ Ընդ որում, հայ ռազմագերիները մինչև օրս Ադրբեջանից չեն վերադարձվել։
2021-ի գարնանը Փաշինյանը վստահեցնում էր, թե Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը հանձնել է, որ միջանցքային տրամաբանություն չլինի: Այնուհետև հանձնեց Լաչինի միջանցքը, հետո ամբողջ Ղարաբաղը, հայերին վտարեցին այնտեղից, բայց Ադրբեջանը այսքանից հետո էլ չհրաժարվեց միջանցքային տրամաբանությունից։ Քանի դեռ ներկայիս իշխանությունները երկրի ղեկին են, նրանք միշտ զիջելու են»,- ասել է Շարմազանովը։ Նա ենթադրել է, որ խաղաղության պայմանագրի փոխարեն երևի ինչ-որ հուշագիր կստորագրվի՝ Արևմուտքի հեղինակությունը բարձրացնելու համար։
«Տեղեկություն եմ ստացել, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ուզում է անցնել Պուտինի կողմը՝ իր քաղաքական թիմի գլխին սարքելով։ Նա հանուն իր իշխանության պատրաստ է զոհաբերել բոլորին ու ամեն ինչ»,- եզրափակլ է ՀՀԿ մամուլի քարտուղարը։