ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերի առանցքային անօդաչուների բազայից, երբ անցյալ տարվա հեղաշրջումից հետո իշխող խունտան հրամայել էր գրեթե 1000 ամերիկացի զինվորականների լքել երկիրը, հայտնել է Reuters-ը։
100 միլիոն դոլար արժողությամբ կառուցված ավիաբազան հեղաշրջումից առաջ կարևոր տեղեկություններ էր տրամադրում իսլամիստ զինյալների մասին։ Նիգերական խունտան երկրի տարածքից զորքերը դուրս բերելու համար մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ԱՄՆ-ին։
Նիգերի՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումն ընդունվել է մարտի կեսերին Նիամեյում անցակցված հանդիպումից հետո, որի ժամանակ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգություն են հայտնել հարցերի շուրջ, ներառյալ՝ ռուսական զորքերի սպասվող ժամանման, ինչպես նաև հաղորդումների վերաբերյալ, ըստ որոնց Իրանը Նիգերում հումք է փնտրում, այդ թվում՝ ուրան: