Հինգ նահանգների պետքարտուղարները միլիարդատեր Իլոն Մասկին կոչ են արել շտկել X մեդիապլատֆորմի ԱԲ-չաթբոտը՝ հայտնելով, որ այն ապատեղեկատվություն է տարածում նոյեմբերի 5-ի ընտրությունների մասին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Սոցիալական ցանցերի պլատֆորմները, ներառյալ X-ինը, արդեն առաջին տարին չէ, որ ուշադրություն են գրավում ապատեղեկատվություն տարածելու պատճառով, այդ թվում կեղծ տեղեկատվություն, որը վերաբերում է ինչպես ընտրություններին, այնպես էլ պատվաստանյութերին։ Վաշինգտոնում անհանգստանում են, որ արհեստական բանականության ստեղծած կոնտենտը կարող է մոլորության մեջ գցել ընտրողներին նախագահական եւ Կոնգրեսի ընտրություններում։
Այն ժամանակվանից, երբ 2022թ. Մասկը ձեռք բերեց Twitter կոչվող պլատֆորմը, իրավապաշտպան կազմակերպություններն անհանգստություն են հայտնում ատելության հռետորաբանության եւ ապատեղեկատվության հետ կապված։
Մասկի հասցեին, որն անցած ամիս աջակցություն է հայտնել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, հնչել են մեղադրանքներ ապատեղեկատվության տարածման մեջ։ Նա, ապացույցներ չներկայացնելով, պնդել է, որ դեմոկրատները թույլ են տալիս միգրանտներին հատել հարավային սահմանը, որպեսզի կարողանան քվեարկել դաշնային ընտրություններում, թեեւ դրա իրավունքը չունեն։
Այն բանից հետո, երբ Ջո Բայդենը հուլիսի 21-ին դուրս եկավ ընտրապայքարից եւ աջակցեց փոխնախագահ Քամալա Հարիսին, Grok չաթբոտը սոցցանցերի օգտատերերին տեղեկացրեց, որ Հարիսը ուշացրել է ընտրաթերթիկների հանձնման ժամկետը ինը նահանգներում։
«Դա սուտ է։ Բոլոր ինը (նահանգներում) ամեն բան ուղիղ հակառակն է»,- ընդգծված է Մասկին հասցեագրված բաց նամակում Մինեսոթայի, Փենսիլվանիայի, Վաշինգտոնի, Միչիգանի եւ Նյու Մեքսիկոյի պետքարտուղարների կողմից։
Մարտին Մասկը հայտնեց, որ Grok չաթբոտը հասանելի կլինի X-ի բոլոր պրեմիում-բաժանորդներին։
Պետքարտուղարներն իրենց նամակում հայտնել են, որ թեեւ չաթբոտը հասանելի է միայն պրեմիում-օգտատերերին, այն սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածել միլիոնավոր մարդկանց շրջանում։
Պետքարտուղարները պարզաբանել են, որ X պլատֆորմը պետք է Grok-ի օգտատերերին ուղղի CanIVote.org՝ անկուսակցական կայք, որը տեղեկատվություն է հրապարակում ԱՄՆ-ում ընտրությունների մասին։