Հարցվածների մոտ 50 տոկոսը կողմ է Երեւանի քաղաքապետի հրաժարականին։ Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ հարցվածերի 32,6 տոկոսը պատասխանել է, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միանշանակ պետք է հրաժարական տա, ավելի շուտ պետք է հրաժարական տա՝ 17,3 տոկոսը, միանշանակ պետք է շարունակի մնալ իր պաշտոնին՝ 11,4 տոկոսը, ավելի շուտ պետք է մնա՝ 18,2 տոկոսը, դժվարացել է պատասխանել՝ 20,5 տոկոսը։ Նա ավելացրել է, որ Ավինյանի աշխատանքը հարցվողները բացասական են գնահատել. հարցումը ցույց է տվել, որ միջին միավորը կազմել է 2,6 5 հնարավորից։
«Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքը Երեւանի ավագանում գնահատել են 2,4 միավոր, «Հանրապետություն» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցություններինը՝ 2,3-ական միավոր, «Մայր Հայաստան» դաշինքինը եւ «Հանրային ձայն» կուսակցությանը՝ 2,2-ական միավոր»,- նշել է Նավասարդյանը։
Նա տեղեկացրել է, որ հարցվողների 47,1 տոկոսը կոռուպցիոն ռիսկերը Երեւանի քաղաքապետարանում անվանել է բարձր։ «Հարցվողների 27,3 տոկոսը միանշանակ բարձր է անվանել կոռուպցիոն ռիսկերը, ավելի շուտ բարձր՝ 19,8 տոկոսը, միանշանակ ցածր՝ 13,1 տոկոսը, ավելի շուտ ցածր՝ 17 տոկոսը։ Դժվարացել է պատասխանել 22,8 տոկոսը»,- ավելացրել է Նավասարդյանը։
Հարցումն իրականացվել է Երեւանում 808 քաղաքացիների շրջանում հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 2-ը։