Մկների ուղեղում վախի հիշողության ձեւավորման վերջերս հայտնաբերված մեխանիզմը կարող է օգնել նվազեցնելու վախի բացասական ազդեցությունը եւ առաջարկել հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) բուժման նոր մեթոդներ, նշվել է Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Վերջերս տվյալներ են հայտնվել այն մասին, որ նյարդային բջիջների մի խումբ կենտրոնական նշաձեւ հատվածում կարգավորում է վախի հույզերը։
Բայց արդյո՞ք մասնակցում են կոնկրետ նյարդային բջիջները վախի մասին հիշողության կազմավորմանը եւ արձագանքների կարգավորմանը։
Այս հետազոտությունում գիտնականները օգտագործել են մկներին որպես մոդել։ Նրանք կիրառել են վախի մասին հիշողությունների թեստեր՝ հետեւելով մկների վարքին նախքան փորձը, դրա ընթացքում եւ հետո։ Փորձի ժամանակ անվնաս ձայնը համադրվել է ոտքին հասցված թեթեւ էլեկտրական հարվածով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ վախը ակտիվացնում է արգելակիչ նյարդային բջիջների ոչ մեծ խմբին ուղեղի որոշակի հատվածում (նշաձեւ հատվածում)՝ կանխելով վախի մասին հիշողությունների չափից մեծ արձագանքը։
Օգտագործելով գենետիկորեն մոդիֆիկացված մկներին՝ հետազոտողները նշել են այդ բջիջները (հիմնականում սոմատոստատին նյարդային բջիջները)։ Դրանց ինհիբացումը հանգեցրել է այն բանին, որ մկներն ավելի մեծ վախ են ապրել։
«Երբ այդ սպեցիֆիկ նյարդային բջիջները արգելակվել են, մկները քարացած սպասել են էլեկտրական հարվածին»,- նշել է դոկտոր Հոուն, որը հետազոտության առաջատար հեղինակն է եւ Օրհուսի համալսարանի դոցենտ։
«Այդ բջիջները գործում են որպես արգելակներ՝ կանխելով վախի չափից մեծ արձագանքը»,- ավելացրել է պրոֆեսոր Չենգ-Չանգ Լիենը, որը գլխավորել է հետազոտությունը։