Կուրսկի մարզում սկսված մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ Եվս 13 մարդ, այդ թվում հինգ երեխա, վիրավորվել է։
Ուկրաինայի ԶՈւ զինվորներին հաջողվել է գերի վերցնել ՌԴ վեց զինծառայողի, այդ թվում ժամկետային զինվորների, գրել է «Պեպել» (Մոխիր) պարբերականը։ Այս տեղեկությունը հաստատում են ինտերնետում տեղադրված տեսանյութերը, որոնցում պատկերված են գերիները։ Պարբերականներից մեկին հաջողվել է նույնականացնել նրանցից երկուսին՝ 22-ամյա Դանիլա Կոլեսնիկովին եւ 21-ամյա Մաքսիմ Խյամլյայնենին։
Նրանք ժամկետային ծառայողներ են, գերի են վերցվել սահմանի մոտ։ Դրանից առաջ ՌԴ զինվորականները չորս օր գտնվել են հրետակոծության տակ, նրանք այստեղ էին, որպեսզի թույլ չտան, որ ուկրաինացիները ճեղքեն իրենց դիրքերը։ Ժամկետային ծառայողները հրամանատարությանը խնդրել էին դուրս բերել իրենց, բայց մերժվել էին, տեղեկացնում է The Moscow Times-ը։
Կուրսկի մարզում մարտերի ֆոնին տարածաշրջանի բուժծառայությունները անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի, ստեղծվել է շտապ օգնության բրիգադների լրացուցիչ ռեսուրս, տեղեկացրել են տեղի իշխանությունները։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ այժմ սահմանամեևձ շրջանների բնակիչները կարող են գնալ ժամանակավոր տեղակայման կետեր, ինչպես նաեւ մնալ բուժհաստատություններում, որտեղ նրանց համար մահճակալային ֆոնդ է պատրաստված։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է Կուրսկի մարզի Սվերդլովյան գյուղխորհրդի ղեկավար Պյոտր Զայչենկոն, բնակիչների մոտ 90 տոկոսը գյուղխորհրդի բոլոր չորս գյուղերում դուրս է եկել տներից իրավիճակի սրման պատճառով։ «Երեկ չէ առաջին օրվա դրությամբ մենք ունեինք մոտ 800 մարդ։ Մարդիկ սկսել են գնալ ավելի անվտանգ տեղեր։ Բնակավայրերում այժմ չկան էլեկտրականություն եւ կապ, ուստի օպերատիվ տվյալներ չունեմ։ Ցերեկը, երբ տեղում էի, ավերածություններն աննշան էին, իսկ հիմա՝ անհայտ է»,- գործակալությունը մեջբերել է Զայչենկոյի խոսքերը։
Օգոստոսի 6-ի առավոտյան նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը տեղեկացրել է Սուջի քաղաքի զանգվածային հրետակոծության մասին։ Ավելի ուշ նա իր թելեգրամ-ալիքում գրել է, որ Կորնեեւյան եւ Սուջիի շրջաններից տեղեկություն է ստացվում, որ Ուկրաինայի ԶՈւ-ն մտել է Կուրսկի մարզ։ ՌԴ ՊՆ-ն նշել է, որ առավոտյան ժամը 8-ին մոտ 300 ուկրաինացի զինվորականներ Ուկրաինայի ԶՈւ 22-րդ մեքենայացված բրիգադից 11 տանկերի եւ 20 զրահամեքենաների օգնությամբ գրոհել են Նիկոլայեւո-Դարյինո եւ Օլեշնյա բնակավայրերը Կուրսկի մարզում։ Գերատեսչությունում հայտնել են սկսված մարտական բախումների մասին, որոնց ներգրավված է ՌԴ ավիացիան։