Բրյուսելում հարձակվել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչի վրա։
«Օգոստոսի 5-ին, իմ արձակուրդի ժամանակ, Բրյուսելի ժամանակով ժամը 15.00-ին այն տան առջեւ, որտեղ ապրում եմ Բելգիայում, իմ եւ կնոջս վրա հարձակվել են 2 անհայտ անձինք։ Այդ մարդիկ, երբ մենք շենք մտանք, ներս խուժեցին, սպառնացին մեզ զենքով եւ դանակով, պահանջեցին տալ այն ամենն, ինչ ունեինք»,- APA-ին պատմել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։
«Նրանք տարածքից հեռացան՝ խլելով կնոջս պայուսակն ու «Rolex» ժամացույցը՝ մարմնական թեթեւ վնասվածքներ պատճառելով։ Ոստիկանությունն անհապաղ եկավ պատահարի վայր եւ սկսեց հետաքննությունը։ Ոստիկանությանը տրամադրված տեղեկության հիման վրա ներկայում իրականացվում են քննչական միջոցառումներ՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Նշեմ նաեւ, որ տան լուսանկարի հրապարակումը բելգիական ԶԼՄ-ում, որտեղ մենք ապրում ենք, անընդունելի է անվտանգության նկատառումներով։ Ափսոսանք է առաջացնում նաեւ այն, որ մամուլում շատ են ուռճացնում մեզանից գողացված ժամացույցի արժեքի թեման։ Թեեւ մեր ժամացույցը Rolex էր, բայց դա մետաղական եւ պարզ մոդել էր։ Մեր դեսպանությունը պաշտոնապես դիմել է բելգիական կողմին եւ պահանջել միջոցներ ձեռնարկել Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակում՝ ապահովելու համար դիվանագետների անձեռնմխելիությունը եւ նման հարձակումների կանխումը»,- նշվել է հայտարարությունում։