Կուրսկի մարզի Սուջա եւ այլ բնակավայրեր Ուկրաինայի հետ սահմանին մնացել են առանց կապի, էլեկտրականության եւ ջրի, ուկրաինական ԶՈւ-ն ներխուժել է մարզի տարածք օգոստոսի 6-ին։ Տեղի բնակիչները զանգվածաբար դժգոհում են տարհանման բացակայությունից եւ խնդրում են դուրս բերել իրենց հարազատներին։ Նախօրեին Սուջայի շրջանի վարչությունում ՏԱՍՍ-ին տեղեկացրել են, որ մարդկանց տարհանմանը խանգարում են հրետակոծությունները։ ԱԻՆ-ում հասկացրել են, որ տարհանում չի կատարվում, եւ կոչ են արել չհավատալ ֆեյք հղումներին։ Օգոստոսի 7-ի առավոտյան իրավիճակը փոխված չէր։
«Ես զանգահարեցի 112, խնդրեցի տարհանել հորս։ Ինձ պատասխանեցին, որ տարհանում հիմա չի իրականացվում, երբ իրադրությունը թույլ տա՝ կկարողանանք ինչ-որ բան անել։ Բայց երբ՝ անհայտ է։ Եվ տարհանման կազմակերպումն առայժմ նախատեսում է, իրականացվում են աշխատանքներ եւ այլն... Այս պահին ոչ մի կերպ օգնել չեն կարող»,- գրել է Կուրսկի մարզի բնակչուհին «Подслушано Суджа» խմբում։
«Խնդրում եմ։ Օգնեք դուրս բերել տարեց հորս Կուրսկ, նա մենակ է, նրա հետ կապ չկա», «Գուցե այսօր որեւէ մեկը կարողանա դուրս գալ այս մղձավանջից, պետք է վերցնեմ նաեւ երեք ազգականներիս, նստած են նկուղում, կվճարենք որքան պետք է եւ անգամ ավելին», «Մայրս եւ տատիկս՝ պառկած վիճակում, Զամոստիեում են, օգնեք»,- գրում են այլ բնակիչներ եւ նրանց ազգականները։
Մոսկվայաբնակ Մարինայի խոսքով, որը Սուջայում հայր ունի, քաղաքում տեղի ունեցողի մասին կարելի է իմանալ միայն նրանցից, ովքեր դուրս են եկել այնտեղից, քանի որ կապ չկա։ «Կապ չկա, ջուր, գազ չկա, երեք առավոտվանից հեռացել եմ, իսկ նրանք, ովքեր մեքենա չունեն, կամ լավն են ակնկալել, ինչպես հայրս, մնացել են», պատմել է նա «Верстка»-ին։
Իշխանությունները տարհանում չեն կազմակերպել սահմանամերձ շրջաններում, տեղի բնակիչները կարող են հույսը միայն իրենց ուժերի եւ կամավորների վրա դնել, նշել է Ելիզավետան Ռոստովից, որի տատիկն ապրում է Սուջայի կողքի գյուղում. «Այնտեղ ոչ լույս կա, ոչ գազ, ոչ ջուր։ <…> Այն ամենը, ինչ գիտենք տատիկիս մասին, այն է, որ նա եւ մեծ տատս նստած են նկուղում։ Առավոտյան հինգ րոպեով կապ է եղել։ Նրանք փորձում են հանգստություն պահպանել։ Կարծում եմ՝ հասկանում են, որ անելանելի իրավիճակ է եւ ոչ ոք նրանց չի հանի այդտեղից։ Մնում է միայն սպասել, թե երբ կավարտվեն գնդակոծությունները»։
Ուկրաինայի ԶՈւ-ն օգոստոսի 6-ի առավոտյան մտել է Սուջա եւ Կորենեւ։ z-բլոգերների տեղեկացմամբ՝ երեկոյան ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ամրանալ մազի տարածքում եւ վերահսկման տակ վերցնել 11 բնակավայր։ Օգոստոսի 7-ի առավոտյան Կուրսկի նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը տեղեկացրել է, որ մարտերը սահմանին շարունակվում են, եւ բնակիչներին կոչ է արել արյուն հանձնել վիրավորների համար։
Պաշտոնական տվյալներով՝ մեկ օրում մարտական գործողություններից տուժել է մարզի 28 բնակիչ, հիմնականում Սուջայում եւ Կորենեւում, երեք հոգի զոհվել է։ Վեց ռուս զինծառայող գերեվարվել է, երկուսը՝ ժամկետային։