Դոնբասի 28 բնակավայրերից երեխաների տարհանումը շարունակվում է։ Վերջին 24 ժամվա ընթացքում 372 ընտանիք՝ 481 երեխաներով, լքել են վտանգավոր տարածքները, հայտնել է РБК-Украина-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Գերատեսչությունից նշել են, որ Լիմանսկայա, Իլյինովսկայա, Միրնոգրադսկայա, Գրոդովսկայա, Նովոգրոդովսկայա, Սելիդովսկայա և Կուրախովսկայա տարածքային համայնքներից տարհանման աշխատանքներին ներգրավվել է ոստիկանության տարհանման 20 խումբ և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Երեխաների տարհանումն անցկացվում է բացառապես հատուկ պաշտպանությամբ զրահամեքենաներով՝ սաղավարտներով և զրահաբաճկոններով։
Նշվում է, որ երեխաների տարհանումը կատարվում է միայն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և առնվազն մեկ ծնողի ուղեկցությամբ (այդ իրավունքը կարող է փոխանցվել մեկ այլ ազգականի կամ խնամակալության մարմնին):
«Ընդհանուր առմամբ, տարհանման ենթակա է 2462 ընտանիք՝ 3903 երեխաներով»,- ասված է զեկույցում։