Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռամ Էմանուելն այս տարի չի մասնակցի սգո միջոցառմանը՝ նվիրված Նագասակիի ատոմային ռմբակոծման տարելիցին, քանի որ Իսրայելը հրավիրված չէ, տեղեկացրել է АР-ը՝ հղում կատարելով դեսպանության հաղորդագրությանը։
Էմանուելը չի այցելի ուրբաթ օրվա միջոցառմանը, քանի որ այն «քաղաքականացված» է Նագասակիի՝ Իսրայելին չհրավիրելու որոշմամբ, չորեքշաբթի տեղեկացրել է դեսպանությունը։
Դրա փոխարեն նա ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը կհարգի Տոկիոյի բուդդայական տաճարի արարողությունում։
Նագասակիի քաղաքապետ Սիրո Սուձուկին հինգշաբթի հայտնել է, որ իր որոշումը մնում է անփոփոխ, չնայած ԱՄՆ եւ «Մեծ յոթնյակի» եւս հինգ երկրների եւ ԵՄ հայտարարությանն այն մասին, որ նրանք արարողությանը մասնակցելու կուղարկեն կարգով ցածր ներկայացուցիչների դեսպանների փոխարեն։
«Մենք ընդամենը ցանկանում ենք արարողությունն անցկացնել խաղաղ եւ հանդիսավոր իրադրությունում, որպեսզի հարգենք զոհերի հիշատակը,- ասել է Սուձուկին։- Դա բնավ կապված չէ քաղաքական պատճառների հետ»։
Ատոմային ռումբը, որը նետել է Միացյալ Նահանգները Հիրոսիմայի վրա 1945թ. օգոստոսի 6-ին, ավերել է քաղաը, զոհվել է 140 000 մարդ։ Երկրորդ ռումբը նետվել է երեք օր հետո Նագասակիի վրա եւ խլել եւս 70 000 մարդու կյանք։ Ճապոնիան կապիտուլացվել է 1945թ. օգոստոսի 15-ին։