Եկել է ժամանակը, որ ԲՐԻԿՍ-ը եւ ՇՀԿ-ն համատեղ միաբեւեռից երկբեւեռի անցման փոխակերպում մտցնեն։ Այս մասին հայտնել է ԲՐԻԿՍ առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովի բացման ժամանակ, որն ընթանում է Երեւանում։
Նա նշել է, որ Հնդկաստանը աշխարհի հինգերորդ տնտեսությունն է, նրա աճը շարունակվում է, եւ 2030թ. երկիրը կարող է դառնալ աշխարհի երրորդ տնտեսությունը։ «Յուրաքանչյուր երկիր պետք է ձգտի դրան։ Պատժամիջոցները բացասական երեւույթ են, բայց դրական խթան են հանդիսանում»,- ասել է Սամիպ Շաստրին։
ԲՐԻԿՍ երկրները մշակութապես եւ աշխարհագրորեն տարբերվում են, բայց նրանց պետք է միավորի կանաչ ապագան, մանավանդ որ ԲՐԻԿՍ երկրները ամենահեռանկարային տնտեսություններից են։ «Երեկ այցելեցինք Արարատի մարզ, եւ ես տեսա, թե որքան է Հայաստանը կախված գյուղատնտեսությունից, տեսա կանաչ դաշտեր, որոնք այսօր Հնդկաստանում դժվար է գտնել։ Մենք կդիտարկենք Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունը, թե ինչպես Հնդկաստանը կարող է ներդրումներ անել Հայաստանում, եւ ինչպես Հայաստանն իր հերթին կարող է ներդրումներ անել Հնդկաստանում»,- տեղեկացրել է նա։ Սամիպ Շսստրին նշել է, որ գտնվում է հազարամյակների մշակույթ ունեցող երկրում, ինչը մեծ պատիվ է իր համար։